Մեր սուրբ եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով, ձեզ հետ է․ Գարեգին Բ-ն՝ արցախցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ էր մատուցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Հրաշափառ Սուրբ Ծնունդն առանձնակի քաջալերությամբ է համակում քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը։ Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան, մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհետ կորածներ, տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի։ Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիք ունենք ճշմարիտ նորոգության՝ սրտով, հոգով, մտքով մաքրվելու»,–իր ուղերձում նշեց Վեհափառ Հայրապետը։

Վեհափառ Հայրապետն արցախցիներին դիմելով ասաց՝ ձեր քաջ նախնյաց օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու ու արարելու վճռականության մեջ։
«Մեր սուրբ եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով, ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ, ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով ու միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ, մեր ժողովուրդն իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի։

Խնդրում ենք Տիրոջը, որ բեթղեհմյան ստղալույսը հարատև շողարձագի մեր ազգային կյանքի երկնակամարում»։




Լրահոս