Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում անվտանգային և հումանիտար խնդիրները գնալով խորանում են, ինչի հետևանքով ընտանիքների մեծ մասը լքել են գյուղը։ АrmLur.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են գյուղի ուղղությամբ՝ հատկապես գիշերային ժամերին․
«Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում, ընտանիքները, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, գնում են ավելի ապահով վայրեր։ Մարդիկ իրենց երեխաների ապահովության մասին են մտածում, դեպքեր են եղել, անձամբ ես եմ իջեցրել իրենց ներքևի գյուղեր, գնում են Վարդենիս ու այլ գյուղեր, բայց այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Մեկ- մեկ գալիս են, իրենց տները ստուգում են, նորից գնում են»,-ասաց համայնքապետը։
Գյուղի ջրային խողովակն էլ, որը 2022թ-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայտնվել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ, վերջերս ամբողջությամբ սառել էր, ինչի հետևանքով շուրջ երկու օր ջուր չի եղել գյուղում․
«Մեր զինվորականների շնորհիվ կարողացել ենք կարգավորել այդ հարցերը, անվադողեր ենք վառել, որ խողովակը հալեցնենք, երկու օր է՝ ջուր չունեինք, բայց հիմա արդեն ունենք»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ խնդրի մասին ահաանգել էր նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։
Քրիստինա Մուշեղյան