Իշխանական ճամբարի մի թև փորձում է տաք պահել Պապիկյանի հրաժարականի թեման, այսպես ասած՝ «դամոկլյան թուր» են կախում. քաղտեխնոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած զորամասի ողբերգական հրդեհից անմիջապես հետո, երբ հասարակությունը քննարկում էր իշխանությունների պատասխանատվության հարցը այդ ողբերգական միջադեպի հարցում, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշեց ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու միջնորդություն ներկայացնել ԱԺ, թեև «Ժողովուրդ» օրաթերթը դրա մասին վաղուց էր գրել:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, ինչու՞ հենց հիմա որոշեցին  ընդդիմադիր պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել:

-Հերթական շեղման օպերացիան է, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել: Կարծում եմ, որ նույն նպատակով իշխանական ճամբարի մի թև փորձում է տաք պահել նաև Պապիկյանի հրաժարականի թեման, այսպես ասած՝ «դամոկլյան թուր» են կախում:

Պարո՛ն Քոչարյան, բայց տպավորություն է, որ հասարակության ուշադրությունը շեղելու այս գործելաոճն այլևս չի ազդում, արդեն այս միջոցն էլ է սպառվել:

-Հասարակությունը սովոր է: Չեմ կարող ասել, այս անգամ կգործի, թե՝ չէ, բայց որ «ներկա-նախկին» մանիպուլացիան այլևս չի աշխատում, դա փաստ է: Բացառությամբ, իհարկե, եթե բանականությունից զուրկ մարդկանց հանեք, մնացածի վրա արդեն էլ չի ազդում:

-Միջադեպից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կանխավարկած առաջ քաշեց, թե զինվորները խախտել են անվտանգության կանոնները, տպավորություն էր, որ նա շտապում է դեպքի վերաբերյալ մանրամասներ առաջինը հայտնել՝ չսպասելով քննության ավարտին:

-Նիկոլ Փաշինյանի՝ կանխավարկած տալը դա նորություն չէ, հիշեք Սուրմալուն, կամ պատերազմի առաջին օրը, որ ասում էին՝ ինչ էլ պատահի մենք մեզ պարտված չենք համարի, սա էլ է իրենց գործելոճը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս