ArmLur.am-ը ներկայացնում է «Հարց քաղաքացիներից» շարքը:
ՀԱՐՑ. Տեղեկատվության տնօրինողը մերժել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դա նպատակահարմար չէ: Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել
Մանվել Հովհաննիսյան (20 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Ձեր տեղեկատվության հարցումը ստանալով՝ տեղեկության տնօրինողը այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրա տրամադրումը կարող է անհարմարություն ստեղծել կամ լինել ոչ նպատակահարմար, ապա այդպիսի մերժումը անօրինական է եւ չպատճառաբանված: Պետք է հիշել, որ տեղեկատվության տնօրինողն իրավունք ունի մերժել տեղեկատվության տրամադրումը բացառապես օրենքով սահմանված հիմքերով, որոնք հետևյալ հինգն են․
-տեղեկատվությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք.
-տեղեկատվության տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.
-տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ.
-տեղեկատվության տրամադրումը բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
-տեղեկատվության տրամադրումը խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները:
Բացի վերոնշյալ հիմքերից, տեղեկատվության տնօրինողը որեւէ այլ պատճառաբանությամբ իրավասու չէ մերժել տրամադրել տեղեկատվությունը: Ավելին, հստակ է այն կարգավորումը, համաձայն որի՝ տեղեկատվության տնօրինողը չի կարող մերժել տեղեկատվության տրամադրումը, եթե այն լրացուցիչ դժվարություններ է ներկայացնում իր համար կամ ստեղծում է անհարմարություններ: Այս կարևոր սկզբունքը ապահովում է վարչական մարմինների կամայականությունների բացառումը: Բացի այդ, տեղեկատվության տնօրինողը պարտավոր է իր մերժման մեջ հղում կատարել օրենքի այն նորմին, որի հիմքով մերժում է տրամադրել տեղեկատվությունը:
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նմանատիպ դեպքերում կարող եք կրկին նույն տեղեկատվությունը պահանջելու հարցում ուղարկել այն տնօրինողինª նշելով, որ տրամադրված մերժումն անհիմն է եւ չի բխում օրենքից£ Ձեր այս երկրորդ դիմումով կարող եք մանրամասն պարզաբանել, որ Ձեր հարցմանը ի պատասխանª անհիմն մերժում տրամադրելը խախտում է Ձեր իրավունքները, որ եթե երկրորդ անգամ եւս չտրամադրի այն, ապա կդիմեք դատարան Ձեր իրավունքների պաշտպանության նպատակով£