ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ովքեր և ինչու են մինչև այժմ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու է խորհրդարան, որպեսզի ներկայացնի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները։ Սեյրան Օհանյանի հանդեպ միջնորդությունը երեք դրվագից է, որից մեկը գաղտնի։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե նորանկախ Հայաստանում քանի անգամ են գլխավոր դատախազները նման միջնորդություններով եկել խորհրդարան։

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Երևանում բազմամարդ հավաքներ ու ցույցեր էին։ Սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների միջև ծեծկռտուք էր եղել։ Դրանից հետո ԱԺ-ում քննարկվեց դատախազի միջնորդությունը եւ բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով Մուշեղ Մովսիսյանին, որը մեղադրվում էր այդ հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու մեջ:

2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո մարտի 4-ին ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը: Նրանք մեղադրվում էին զանգվածային անկարգությունների համար, որոնք ուղեկցվել են սպանությամբ և իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով: Ազգային ժողովը բավարարել էր միջնորդությունը, եւ Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, բայց 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել: Իսկ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել 2009թ․-ին։ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2011թ․-ին, երբ նա այլևս Հայաստանում չէր:

2012թ․–ին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվեց «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, ըստ որի «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:

2018թ․ հունիսին ԱԺ նիստում քննարկվեց եւ բավարարվեց գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից։

2020թ․-ի հունիսի 16-ի ԱԺ նիստում քննարկվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, եւ խորհրդարանը քվեարկությամբ համաձայնություն տվեց դրան։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս