ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մալաթիա» տոնավաճառում էլեկտրալարերը նոր են փոխվել. որ խախտումներն են վերացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեց օր փակ մնալուց հետո, այսօր «Մալաթիա» տոնավաճառը վերսկսել է իր գործունեությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր առավոտյան այցելել են տոնավաճառ եւ արձանագրել, որ վերացվել են նախկինում արձանագրած խախտումները: Ստացվում է, որ տասնամյակների պատմություն ունեցող տոնավաճառում, էլեկտրալարերը նոր են փոխվել, իսկ ջրի խողովակները համապատասխանեցվել նորմերին: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ անգամ 2200 քմ առաստաղ է փոխվել:

Նշենք, որ ոչ առաջնային վտանգ ներկայացնող խախտումները վերացնելու համար տոնավաճառի տնօրինությանը ժամկետ է տրվել:

Տեղեկացնենք, որ առեւտրի կենտրոնները, տոնավաճառները տեսչական մարմնի տեսադաշտում հայտնվել են դեռ նախորդ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո: Այժմ Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Իսկ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ՝ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Ասել է թե՝ տեսչական մարմինը սկսել է աշխատել միայն «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս