ԱՄԵՐԻԿԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկա պահին Իրանում իրավիճակը շատ հանգիստ է, մարդիկ ապրում են հանգիստ կյանքով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց միջազգային իրանցի լրագրող եւ քաղաքագետ Խայալ Մուազին։

 

«Իրանի արտաքին գործերի նախարարության վրա հարձակման հիմնական պատճառն Իրանի ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ տարածելն ու պետական հեղաշրջում երկրում իրականացնելն էր: Իրանի ժողովուրդը միշտ աչալուրջ է եւ թշնամու այդպիսի խաղերին չի տրվում: Թշնամին դեռ հույս ունի,  որ այդ հնացած խաղերը կարող են Իրանի դեպքում աշխատել»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝  Ամերիկան եւ Իսրայելը նոր կողմնակիցներ են փնտրում, որպեսզի նրանց հետ միասին պատերազմ սկսեն Իրանի դեմ: «Նրանք անում են ամեն հնարավորը, որպեսզի սկսեն այդ պատերազմը: Թուրքիան դեռ իր տեսակետն ամբողջովին չի հայտնել եւ չի բացել խաղաքարտերն Իրանի մասով,  քանի որ նա հասկանում է աշխարհում Իրանի քաղաքական ուժը, ինչպես նաեւ Սիրիայում: Թուրքիան հասկանում է, որ եթե Իրանում որեւէ լուրջ բան տեղի ունենա,  այն կարող է ազդել նաեւ հենց իր վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարող եմ ասել, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա են լարված հարաբերություններ:  Ես չեմ կարծում, որ այդ ամենը երկար կտեւի, քանի որ Իրանի նոր քաղաքականությունն այն է, որ պետք է հիանալի հարաբերություններ ունենալ եւ պահպանել հարեւան երկրների հետ»,- հավելեց նա:

Իրանցի քաղաքագետը շարունակելով նշում է, որ ամերիկյան եւ սիոնիստական ուժերը շատ լավ հասկանում են, որ իրենց ծրագիրը դատապարտված է ձախողման: «Ես այստեղ ցանկանում եմ մեջբերել մեր հոգեւոր առաջնորդի խոսքերը՝ Ամերիկան դանդաղ հալվում է, եւ այդ պատճառով էլ թշնամին փորձում է քաոս ստեղծել երկրում եւ ամբողջ աշխարհում: Մեզ շատ իրադարձություններ են սպասվում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին։

Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, եւս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ եւ պայթել։

Սպահան քաղաքում՝ Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով վնասվել է արտադրամասի տանիքը. ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարձակումը մարդկային զոհերի եւ տեխնիկայի խափանման չի հանգեցրել։ Սպահանը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 350 կիլոմետր դեպի հարավ, այստեղ են տեղակայված մի շարք ռազմավարական նշակության, այդ թվում՝ միջուկային ծրագրի կառույցները։ Իրանական աղբյուրների տվյալներով՝ հարձակման ենթարկված գործարանը գտնվում է բալիստիկ հրթիռների արտադրությամբ հայտնի Իրանի ավիատիզերական կենտրոնի հարեւանությամբ։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարձակումը որակել է «վախկոտ» քայլ՝ պնդելով, որ այդ հարվածները Թեհրանին ետ չեն պահի «խաղաղ միջուկային ծրագրի» աշխատանքներից։

Հարվածի համար որեւէ մեկը մինչ այս պահը պատասխանատվություն չի ստանձնել։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ամերիկյան կողմն այդ հարձակման հետ որեւէ կապ չունի։

Նախկինում իրանական ռազմավարական կառույցներին ճշգրիտ հարվածներ հասցրած Իսրայելը հարձակումների փաստն առայժմ չի մեկնաբանել։ The Wall Street Journal-ը, սակայն, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրները, գրում է, որ հարձակման ետեւում Իսրայելն է կանգնած։

Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի եւ արեւմտյան երկրների հետախուզության իր աղբյուրներին, պնդում է, որ Սպահանում հասցված հարվածների վնասը շատ ավելի մեծ է, քան Թեհրանն է ներկայացնում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական եւ ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, կարեւորելով որակյալ կրթության ապահովումը, ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին եւ գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին, այդ թվում՝ ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանը, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին:

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՆԻՍՏ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ երեկ տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը: Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետեւանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարեւոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են համայնքներում բնակչության հետ հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը եւ դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

 

 

ԿՈՉ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

2022թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանց մարդասիրական հետեւանքներին։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:

 

 

ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵՆ

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի   տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները: Տեղեկացանք, որ իշխող խմբակցությունն էլ թեեւ  հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ  թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես  անդրադարձ է եղել  ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները:

 

 

ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԸ ՉԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ

Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջեւ, ծանոթանում նորություններին, սրճում եւ հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում: Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող եւ զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։ Տեսչական մարմնի կանոնադրության մեջ ամրագրված է ընդերքօգտագործում եւ ընդերքի պահպանություն իրականացնելը որպես գլխավոր գործառույթ։ Գործառույթներում նշված է նաեւ. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բոլոր մասնագետները վերջին մեկ տարում կա՛մ հեռացել են, կա՛մ տարբեր հանգամանքներում հեռացվել են աշխատանքից։ Այսօրվա դրությամբ տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, եւ արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում: Տեսչական մարմնի երկու կարեւորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն եւ Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի եւ հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով: Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Այս ոլորտը ստուգող մասնագետներ, սակայն, չկան պետական տեսչական մարմնում: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց ստուգումը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Վահե Հակոբյանն իր մասնաբաժինը կորցրեց այնտեղ, հետո էլ ստիպված եղավ պատգամավորական մանդատից հրաժարվել:




Լրահոս