ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած եւ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եւ հավաքագրվել նրանց կողմից։

 

Ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն եւ ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել եւ իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ եւ այլ տվյալներ, լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը եւ զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց, որպես վարձատրություն, օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար եւ բջջային հեռախոս՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը եւ տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ԿԱ ԵՐԵՔ ԴԻ

Հունվարի 31-ին՝ ժամը 00:12-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին Mercedes-Benz C-Class մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում եւ բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։37-ին, մարվել՝ 00:52-ին: Ավտոմեքենան այրվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւորներ Թ. Ա.-ն (ծնված 1997 թ.) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ն. Գ.-ն (ծնված 1997 թ.)՝ Սեւանի ԲԿ: Թ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ն. Գ.-ինը՝ ծանր կայուն։ Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ Գ. Բ.-ի (ծնված 2002 թ.), ուղեւորներ Թ. Բ.-ի (ծնված 1997 թ.), Ա. Ք.-ի (ծնված 1997 թ.) դիերը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

 

ԿԱՇԱՌՔԻ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն եւ Ա. Ա.-ն՝ երթեւեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթեւեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել եւ ստացել են մինչեւ 10000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը եւ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել: 30.01.2023 թ.-ին  ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն եւ Ա. Ա.-ն կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաեւ իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ առերեւույթ հանցագործությունների, ինչպես նաեւ դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

 

 

ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում. Ford Fusion-ը բախվել էր «Լյուքս» հյուրանոցի պատին. վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Երիտասարդ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդ տղան Հայկ Բլեյանն էր, որը ««ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հորեղբոր թոռն է: Ողբերգական դեպքը ծանր այլ հետեւանքներ է ունեցել: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ տղայի հայրը, չդիմանալով որդու կորստին, փորձել է ինքնասպան լինել, սակայն հարազատները կանխել են նրա գործողությունները, որից մի քանի օր անց վթարից մահացած տղայի հայրը՝ Ա. Բլեյանը, հանկարծամահ է եղել: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ստացվել է նշված անձի հանկարծամահության վերաբերյալ հաղորդում, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննության ընթացքում»։

 

 

 

ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե եւ հարցաքննվել: Վերջինիս նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 19-ին զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասով արած հայտարարությունների հետ կապված: Իսկ ի՞նչ էր ասել փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը: Արսեն Սարոյանը հստակ նշեց.«Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչեւ փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ»: Այս հայտարարությունից հետո նախաքննական մարմնում խառնվել են իրար, քանի որ նրանք ընդամենը զինվորներից մեկին են գտել մահճակալի վրա, իսկ մյուսները սենյակի տարբեր մասերում են եղել՝ պատուհանի մոտ, գետնին եւ այլ վայրերում: Այս եւ այլ հայտարարությունների հակասության մասով են գնդապետին հրավիրել հարցաքննության, եւ ուշագրավն այն է, որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նա Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունները չի պնդել նախաքննական մարմնում, ինչը ենթադրել է տալիս, որ նա չի հաստատել եթերում ասված իր խոսքերը:




Լրահոս