ՆՅՈՒԹԵՐԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարույթային գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 եւ 29-ամյա բնակիչները իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու այլ ընկերների հետ գնացել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող տուն, որտեղ տան սեփականատիրոջ, նրա 23 եւ 26-ամյա որդիների հետ խոսակցությունը վերածվել է լեզվակռվի:

 

Խոսակցությունը շարունակելու նպատակով, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ երեկոյան, 30-ամյա տղամարդը, վերցնելով ապօրինի ձեռք բերած եւ պահած ինքնաձիգը, մի քանի ընկերների հետ, նրանցից մեկին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է գյուղի կենտրոնում գտնվող այգի, որտեղ արդեն իսկ սպասում էին 23 եւ 26-ամյա եղբայրները իրենց ընկերների հետ: Վերջիններիս միջեւ լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, երիտասարդները սկսել են տարածքում հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը. բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով միմյանց մարմինների տարբեր մասերին: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը, վերոնշյալ ավտոմեքենայի հետեւի սրահից դուրս բերելով իր հետ նախապես վերցրած հիշյալ ինքնաձիգը, կրակոցներ է արձակել դեպի օդ, որից հետո ինքնաձիգի փայտյա կոթով հարվածներ է հասցրել եղբայրների եւ վերջիններիս ընկերների մարմինների տարբեր հատվածներին: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 30-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել EKOL 29 մոդելի գազային ատրճանակ եւ երկու՝ ինքնաշեն եղանակով պատրաստված փամփուշտ, դրանք ապօրինի փոխադրել է Արմավիրի մարզի Գայ գյուղ, որտեղ էլ   տղամարդու վարած ավտոմեքենայի զննությամբ 2021թ. օգոստոսի 14-ին հայտնաբերվել են հիշյալ ատրճանակն ու փամփուշտները: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ 1-ին մասին, եւ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին:

29-ամյա երիտասարդին, 23 եւ 26-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 4 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է 1 ՄԼՆ 27 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ):

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Գ.Մ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համապատասխան արտադրամասի կողմից գնման հայտի բացակայության պայմաններում, միջոցներ չձեռնարկելով ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից գնային առաջարկներ ստանալու համար, 2011 թվականին մրցույթի միակ մասնակից՝ ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից, շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14  միջանկյալ մետաղաձողեր:

Անհրաժեշտության բացակայության պատճառով այդ մետաղաձողերը չեն շահագործվել եւ տեւական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:

2015 թվականին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն, հարկադրված, «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 միջանկյալ մետաղաձողեր:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար: 2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել է մեղադրանք:

 

 

 

ԲԱԽՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐԻՆ

Փետրվարի 1-ին՝ ժամը 18:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։ Պարզվել է, որ Renault մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին եւ Infiniti մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է GAZ-3110 մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.): Գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։

 

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը առաջիկայում հարցաքննության է հրավիրելու՝ հունվարի 19-ին Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներին: Նախաքննական մարմինը լսելու է նաեւ ծնողներին:

Նշենք, որ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպան բանավոր ցուցմունք էր տվել, սակայն գրավոր ցուցմունք տալուց հրաժարվել էր՝ պահանջելով իրեն տրամադրել պաշտպան: Ըստ էության՝ այսօր պաշտպանի ներկայությամբ կիրականացվի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց, ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն եւս կալանավորվել է: Այժմ քննարկվում է սպայի հարցը :

 

 

 

ԿԱ ԱՅՐՎԱԾ ԴԻ

Կոտայքի մարզի Հացավան գյուղի N 30 տանը տղամարդու վառված մարմին է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 55 տարեկան Ա. Գրիգորյանն է, որի դիակը վառված վիճակում է եղել: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ըստ նախնական վարկածի՝ ծխախոտի մնացորդից՝ մահճակալն այրվել է:

 

 

 

ՄԱՀԱՓՈՐՁ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հունվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը սավանը կապել է խցի պատուհանի ճաղավանդակին եւ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն բանտի աշխատակիցները կանխել են դատապարտյալի գործողությունները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս