Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:
Նախ նկատենք՝ Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստից բացակայել են ընդդիմության անդամները եւ ներկաները իրենք իրենցով են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը։
2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ»: Սակայն կոռուպցիա ասվածը պետք չէ միայն հասկանալ որպես կաշառակերություն, այն նաեւ կապ ունի հովանավորչության հետ եւ հենց դահլիճում նստած ներկաները որևէ կերպ կապ ունեն այդ նշված հովանավորչության հետ։
Խոսենք անուններով և փաստերով. նիստին մասնակցել են օրինակ արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նախարարը հենց Անդրեասյանի կողմից հովանավորելու արդյունքում է հայտնվել այդ պաշտոնում. նա եկել է, մյուսին էլ հովանավորել։
Մեկ այլ օրինակ է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում
ավագանու անդամ եղբոր ընկերությունը հաճախ է մրցույթներում հաղթող դառնում։
Դահլիճում տեսնում ենք նաեւ նախկին պատգամավոր, ներկայումս ԿԸՀ նախագահ Վահագն հովակիմյանին, ում երկու որդիները բանակից ազատվել են կասկածելի հանգամանքներում, իսկ նրա կողքին էլ հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել։
Հովանավորության մեկ այլ օրինակ է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսնու նոր պաշտոնը։ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից հետո դարձավ ԲՏԱ փոխնախարար։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս նստած է նիստին. նրա եղբայրն աչքի ընկավ ՏԻՄ ընտրություններում, սակայն դրա մասին եւս բոլորը լուռ են։
Ստացվում է՝ կոռումպացված պաշտոնյաները մասնակցում են Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին։
Ն.Հ.