Հայաստանում մարտից կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն 25 օր կտևեն։ Առաջին փուլով՝ հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։
25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։ Սակայն նոր կարգն ու որոշումը խնդիրներ է առաջացրել:
Նախ նշենք, որ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հստակ սահմանում է, թե ինչու են անցկացվում վարժական հավաքներ: Ըստ այդ ձևակերպման, վարժական հավաքի նպատակը պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է: Սակայն կառավարության որոշմամբ միայն տեսանելի է, որ զորակոչվող պահեստազորայինները 11 օր նախապատրաստվելու են, որպեսզի 2 շաբաթ մարտական հերթապահություն կրեն:
Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր ևս առկա է: Այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում: Այսինքն, վարժական հավաքների գտնվելու ընթացքում քաղաքացին իր գործատուից գումար չի ստանալու: Այս մասին ահազանգել էր նաեւ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը եւ ՊՆ-ում հավաստիացրել էին, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան: Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է, որ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը):