Փոփոխություն պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկում են մշտական հանձնաժողովների նիստերը: Այդտեղ քննարկումներից հետո նույն հարցերը կքննարկվեն արդեն ԱԺ լիագումար նիստում, որը սկսվելու է փետրվարի 28-ին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Համաձայն Օրենքի` Հիմնադրամի շահառու է հանդիսանում նաև այն զինծառայողը, ով մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն: Ըստ այդմ, ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։

Երկրորդ խմբի հաշմանդամը Հիմնադրամից ստանում է 200 000 դրամ (սպայական կազմ), 150 000 դրամ (Պայմանագրային կազմ, զորահավաքային կազմ և կամավորներ) և 100 000 դրամ (պարտադիր ժամկետային կազմ)։ Վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կսկսի ստանալ՝

1)սպայի դեպքում՝ շուրջ 74 000 դրամ

2) պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66000 դրամ

3) պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 000 դրամ

Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, եթե զինծառայողը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ:

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` առ 29.08.2022թ. 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ համատեղ զավակ ունեցող անձը հատուցման իրավունք ունի, եթե զինծառայողը չունի ամուսին:

Ն.Հ.




Լրահոս