ԿՈՏՐՎԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ թաքնված հակամարտությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարություններից հետո նոր թափ է ստանալու. չի բացառվում, որ առաջիկայում այն բացահայտ բնույթ կրի: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, առանց կոնկրետ անուններ տալու, ասաց, թե ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է, եւ ով չի համագործակցի ՀՀԿ-ի հետ, կհայտնվի կոտրված տաշտակի առաջ:
«Առաջին կարեւոր սկզբունքային հարցը հետեւյալն է. ՀՀԿ-ն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, եւ ՀՀԿ-ն իր այդ դիրքը ոչ միայն պահպանելու է, այլեւ զարգացնելու է: Երբ մենք փետրվարին ստորագրեցինք հուշագիրը, մենք կոալիցիոն գործընկերների հետ այդ սկզբունքը հստակ ֆիքսել ենք` մենք համախմբված ենք ՀՀ նախագահի շուրջ, մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ ՀՀԿ-ն է այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական դաշտ, իսկ այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն, կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի, դա իրենց գործն է: Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր նաեւ լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, որ չարաչար սխալվում են` գնահատելով մեր հնարավորությունները: ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է ՀՀ-ում, եւ նա ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլ ուժեղացնելու է: Դրա համար կարծում եմ, որ այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին, մեր հանրությանը` նաեւ այս մեր հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով: Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա չհերքեց, որ իր ակնարկն ուղղված էր հենց ԲՀԿ-ին: Համենայնդեպս, լրագրողի հարցին, թե արդյոք այդ կոտրված տաշտակի ակնարկը ԲՀԿ-ին էր ուղղված, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` նոր առիթ եմ ձեզ տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար»: Նկատենք, որ այս հայտարարությունը մի տեսակ ոչ սազական էր վարչապետի համար, քանի որ նա մշտապես խոսում էր հանդուրժողականության, ազատական գաղափարների եւ այլ արժեքների մասին, հիմա կտրուկ շանտաժ է անում` ով մեզ հետ չէ, մեր դեմ է:
Փաստորեն, Մոսկվայից վերադառնալուց հետո Տիգրան Սարգսյանը որոշել է անցնել տոտալ քաղաքական շանտաժի` «ով մեզ հետ չէ, տականք է»-ի լայթ տարբերակով: Թե ինչի վրա է հիմնված Սարգսյանի ետմոսկովյան նման «դուխը», դժվար չէ կռահել, այլ հարց է, թե որքանով նման կեցվածքը կարդարացնի իրեն: Նկատենք, որ կոտրած տաշտակի առջեւ թողնելու սպառնալիքները մի տեսակ Տիգրան Սարգսյանի ոճը չէին. մի ժամանակ նա սիրում էր ելույթներ ունենալ ազատական հայացքների, հանդուրժողականության եւ լայնախոհության մասին: Սակայն, հավանաբար ոգեւորվելով հերթական ռուսական վարկը ստանալու խոստումից եւ վարչապետական աթոռը պահպանելու հեռանկարից, Տիգրան Սարգսյանը որոշել է նման տոնով խոսել՝ «քաղաքական դաշտում Հանրապետականի կշիռը բարձրացնելուց»` մոռանալով իր շեֆի կողմից «չհասկացվածության պատը քանդելու» եւ միմյանց սիրելու երբեմնի հորդորները:
Տ.Սարգսյանը նաեւ չհերքեց այն լուրերը, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Մեկնաբանելով վերջին շրջանում մարզեր կատարած իր այցելություններն ու ՀՀԿ անդամատոմսեր բաժանելը եւ պատասխանելով հարցին, թե կարելի է ենթադրել, որ ՀՀԿ ցուցակը ինքն է գլխավորելու, նա ասաց. «Տարբեր մեկնաբանություններ ու ենթադրություններ են կատարվում: Ես կարծում եմ, որ կուսակցության տոմսեր բաժանելը նորմալ, կուսակցական շինարարության գործ է, եւ երբ գործադիր մարմնի անդամներն իրենք են տոմսերը հանձնում, նշանակում է` լուրջ վերաբերմունք են դարձնում նոր անդամակցության գործընթացին: Մեր կուսակցաշինական աշխատանքները նոր թափ են ստանում: Եւ մենք նպատակ ունենք էլ ավելի ամրացնելու ՀՀԿ-ն ու գալիք ընտրություններում ամրապնդել մեր դիրքերը»:
Ի դեպ, ՀՀԿ-ում մարզային կառույցների հետ աշխատանքը համակարգում է ԱԺ նախագահ, ՀՀԿ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն մարզերում ՀՀԿ անդամատոմսեր հանձնում է Տիգրան Սարգսյանը: Շատերը դա համարում են այդ երկու գործիչների հակասությունների եւ միմյանց հաշվին դիրքերն ամրացնելու պայքար: Թե ինչու է ինքն այցելում մարզեր, Տիգրան Սարգսյանը մեկնաբանեց այսպես. «Մենք ՀՀԿ կյանքում նոր մշակույթ ենք ներդնում: Տեղյակ եք, որ կիրակի օրը տեղի է ունենալու տնտեսական կոնֆերանս: Դա էլ նոր երեւույթ է»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս