ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թաթոյան» հիմնադրամը նոր տեսանյութ է ներկայացրել, որտեղ ապացույցներով հիմնավորում է արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Տեսանյութում նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ:

 

Մինչ այդ նույն հիմնադրամն ապացույցներով ներկայացրել էր, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդները» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։ Որոշ դեպքերում նրանք ֆինանսավորվում  են Ադրբեջանի առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ղեկավարած Հեյդար Ալիեւի ֆոնդից։

Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդները» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիեւների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։

Ընդամենը մեկ օրինակ. Թելման Քասիմովը, որը «ակցիայի» առաջնորդներից է, ճանապարհը փակելու վայրում հայերենով կոչեր է հնչեցնում, միասին ապրելու հորդորներ անում, բայց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հպարտությամբ տեղադրում է Հայաստանի ու Արցախի դրոշը ոտքի տակ գցած ադրբեջանական զինվորականների լուսանկարները, ուրախանում հայկական կողմի մարդկային կորուստներով։ Փաստերն ապացուցում են, որ նա իրականում հայատյաց զինվորական է, ըստ հավաստի աղբյուրների` ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա, որը նաեւ ակտիվորեն քարոզում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները։

Նա իր սոցիալական ցանցերի նկարներում անթաքույց ցուցադրում է «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ առնչությունը, հպարտությամբ լուսանկար է հրապարակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած եւ Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի հետ:

Ակցիայի մյուս «առաջնորդների» դեպքում եւս նմանատիպ պատկեր ենք արձանագրել, որոնց մասին իրական տեղեկությունները լուսանկարներում են։

Հետեւաբար բացարձակ ճիշտ է այն պնդումը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը եւ Արցախը շրջափակելը որեւէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Սիրիա գործուղված Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը եւ վերադառնում է հայրենիք:

«Հալեպ ժամանած փրկարարական խումբը, ավարտելով իր առաքելությունը, վերադարձավ հայրենիք»,- ասված է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա:

 

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք է մաղթել եւ համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես՝ զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարեւորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարեւորությունը:

 

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ

«Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա»,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել էր  ԱԽ քատրուղար Արմեն Գրիգորյանը։ Նա խորհրդարանում հանդիպում էր ունեցել ՔՊ խմբակցության հետ:

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկեների հետ, որ այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում»,- նշեց նա:

Գրիգորյանը խոսեց նաեւ Խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ Հայաստանի մոտեցումների մասին։ «Միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ քննարկումներ տեղի ունենան անվտանգության ու իրավունքների շուրջ։ Հայաստանը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, հիմա հայկական կողմն է աշխատում այդ տեքստի վրա, ու հնարավորինս շուտ այն պատրաստ կլինի, ու պատրաստ կլինենք այն փոխանցել Ադրբեջանին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումը ինչպես տեղի կունենա: ԼՂ-ի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ. բանակցություններ են ընթանում»,- նշեց նա:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա եւ նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին (Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman) եւ Արտակ Բեգլարյանին: Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր: Մշտապես կանգնած եմ Արցախի եւ մեր հայրենակիցների կողքին:

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ ԼՈՆԴՈՆ

Միջխորհրդարանական միությունում, Միացյալ Թագավորության խորհրդարանի խմբի ղեկավարի հրավերով, 2023 թվականի մարտի 5-9 Լոնդոն կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Մարիամ Պողոսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարվելու է ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

 

 

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՆՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 19-21-ը գտնվել է Իրանում եւ մասնակցել է Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարին: Նախ նշենք, որ այդ համագումարին մասնակցելու նպատակով Իրանում գտնվել է նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

ArmLur.am-ը առողջապահության նախարարի ներկայացրած հաշվետվությունից տեղեկացավ, որ, համագումարին մասնակցելուց բացի, Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին այցելել է ԻԻՀ առողջապահության եւ բժշկական կրթության նախարարություն, որտեղ հանդիպել է նախարար Բահրամ Էյնոլլահին: Բացի այդ, որոշում է ընդունվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կհամագործակցի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, իսկ, ահա, հաջորդ տարի համագումարը կանցկացվի Հայաստանում:

Աննա Հակոբյանի այցի եւ հանդիպումների մասին տեղեկատվություն կարող էինք ստանալ միայն սոցիալական ցանցի իր էջում հրապարակված լուսանկարներից, սակայն ArmLur.am-ին նաեւ այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել:

 




Լրահոս