ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել են առերեւույթ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, իրացման դեպքեր. մեղադրանք է ներկայացվել երեք անձի:

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերեւույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։

Նշված վարույթներից մեկի շրջանակում 2023թ. փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով Երեւան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել եւ ոստիկանության բաժին են տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա երկու բնակիչներ: Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ, սակայն նրանց փախուստի փորձը կանխվել է:

Հիշյալ հասցեի հարակից ճանապարհահատվածի զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթներից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել։

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով հիշյալ օրը Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել եւ պահել թմրամիջոցը:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով։ 2022թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարվել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը: Մյուս քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում 2023թ.-ի փետրվարի 11-ին Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու համար ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ եւ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 հատ փաթեթներ` լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով: Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է: Երեւան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ դեռեւս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ ապօրինի պահելու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԳՈՒՅՔԵՐ ԿՀԱՆՎԵՆ ԱՃՈՒՐԴԻ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող եւ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, 626.55 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված, բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0936 հեկտար մակերեսով հողամասը հանվել է աճուրդի:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը 99 մլն  դրամ է, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 15 մլն դրամ:

Ըստ այդմ,  աճուրդի մեկնարկային գինը կլինի 99 մլն դրամ: Բացի այդ, սահմանվել է աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 մլն 950 հազար դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս եւ գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Բացի այդ, տեղեկացանք, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կարող է կազմակերպվել եւս երեք աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով:

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության տրանսպորտային միջոցները կտրվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ընկերության՝ 297 մլն գնահատված ակտիվներ ունեցող (ընկերության գտնվելու վայրն է՝ ք. Երեւան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը  մասնավորեցվելու է որպես ամբողջական մեկ միավոր՝ դասական աճուրդով:Ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը կազմում է  275 մլն դրամ:  Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի օգոստոսի 1-ի  դրությամբ կազմել են 20 մլն դրամ:  Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին խորհրդարանը հավանություն էր տվել «Հատուկ լեռնափրկարար ծառայության» մասնավորեցման ծրագրին: Հիմնավորման մեջ նշվել էր, թե մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի եւ որակյալ ծառայության մատուցման համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաեւ ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

«Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության եւ ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում: Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու եւ ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար: Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետեւանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շահառուների դիմումների ներկայացման գործընթացը մեկնարկել է:

Պետնախարարը հանձնարարել է աջակցության միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում ապահովել, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ժամանակին ստանալ նախատեսված փոխհատուցումները: Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաեւ, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները: Բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար սոցիալապես անապահով խմբերին: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարեւորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ իրականացումը՝ նշելով, որ այն պետք է պարզ եւ հասկանալի լինի ինչպես բեռն ուղարկած բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ հասարակության համար: Նրա խոսքով՝ բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի՝ ում եւ ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը, որպեսզի տուրք չտա տարբեր տեսակի ապատեղեկատվությանն ու շահարկումներին:

Նիստում անդրադարձ է եղել նաեւ գների վերահսկողության խնդրին: Տեղեկացվել է, որ հաստատվել է «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձեւավորման եւ վերահսկողության հատուկ կարգը», որով Պետական եկամուտների կոմիտեին, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեին, Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին, շրջաններում վարչակազմերին գների վերահսկողության գործառույթներ են վերապահվում:

Պետնախարարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին շարունակել դիտանցումներն ու գնագոյացման ուսումնասիրությունների աշխատանքները, ինչպես նաեւ վերլուծել գնաճային հնարավոր դրսեւորումների պատճառները:

 




Լրահոս