Երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում պարգևատրվել են աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։

Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնել է փրկարարներին։

Տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար, շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:

Ցուցուլյանը մասնավորապես նշել է․

«Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները կատարել եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմերն էլ լավագույնս կատարեցին իրենց մարդասիրական առաքելությունը՝ դրսևորելով ուժ, կամք, աշխատասիրություն և անվեհեր փրկարարի վառ օրինակ»։

Արարողության ավարտին տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել փրկարարներին, վերջիններիս մաղթելով բարի և անփորձանք ծառայություն։




Լրահոս