17,4 ՄԼՐԴ՝ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ փետրվարի 16-ի նիստում որոշեց Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման եւ կառուցման համար հատկացնել 17,4 մլրդ  դրամ, որից 16,6 մլրդ դրամը շինարարության համար է:

 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով փաթեթը, նշեց. «Այս նախագծերից 13-ի շինարարությունը սկսվել է նախորդ տարի, դրանցից 10-ը առաջիկա ամիսներին կավարտվեն, մյուս երեքը տարվա ընթացքում կավարտենք: 6 նախագիծ ունենք, որոնց մրցույթներն արել ենք, շինարարության մեկնարկն է տրվում, եւ ունենք 24 նախագծեր, որոնցից 21-ի շինարարության մեկնարկը կտանք այս տարի, իսկ երեքը՝ հաջորդ տարի: Այս փաթեթով հիմնանորոգվող եւ կառուցվող ճանապարհների երկարությունը 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, եւ 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար»:

Սանոսյանն ընդգծեց, որ բոլոր պայմանները ստեղծված են, եւ եթե շինարարները պատշաճ աշխատեն, բավականին լավ շինարարական տարի կունենանք:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավանդույթի համաձայն, մանրամասն թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը: Նրա խոսքով՝ մասնավորապես կհիմնանորոգվի Երեւան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը:

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է 2023 թվականին ավարտին հասցնել դրանք: Վարչապետը նշեց, որ Քաջարանից Մեղրի ճանապարհի հատվածի շինարարության աշխատանքներն ավարտական փուլում են:

Նախատեսվում է այս տարի ավարտել Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:

«9 կմ-ն արդեն արված է, մնացածը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

«2023-ին կմեկնարկենք հետեւյալ տրանսպորտային օբյեկտները՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում՝ Երեւան-Իջեւան ավտոճանապարհից դեպի Սեւանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ նշեց, որ նախատեսվում է Ստեփանավանի Պուշկինո, Ծովագյուղի թունելը եւ Սպիտակի թունելը բերել ժամանակակից տեսքի:




Լրահոս