ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՉԻՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին մեկնել էր Թուրքիա: Պատվիրակության կազմում էր նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

 

Անկարակում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը, կողմերը պայմանավորվել են նաեւ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը:

Հայաստանի իշխանությունները պարբերաբար համոզմունք են հայտնում, որ իրենց այս քայլը դրական ազդեցություն է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

-Պարո՛ն Մարկարով, Դուք ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ զարգացումներ  կլինեն առաջիկայում:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժառանգություն ստացած խնդիր է այս իշխանության համար: Այս ուղղությամբ տարվող դիվանագիտությունը, որը սկսվել էր՝ որպես ֆուտբոլային դիվանագիտություն, հիմա շարունակվում է՝ որպես հումանիտար դիվանագիտություն: Խնդիրը կայանում է ոչ թե նրանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունների մոտ առկա է բավարար քաղաքական կամք՝ վերահաստատելու դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ եւ բացելու հայ-թուրքական սահմանը, այլ նրանում՝ արդյոք Թուրքիան պատրաստ է իրականացնելու քայլ՝ այս հարաբերությունների հաստատման եւ ստեղծման ուղղությամբ:

Թուրքական կողմը չի թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ցեղասպանության ճանաչման հարցի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ Արցախի հարցի հետ:

Եթե մենք շաունակենք ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են հանդես գալ որպես ածանցյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այս դեպքում հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորված են մնալու այնքան, քանի դեռ Արցախի եւ միջպետական մյուս խնդիրները կարգավորված չեն:

Բանակցությունները կարող են շարունակվել, պարբերաբար ձեռքբերումներ ներկայացվեն, բայց երկկողմանի հարաբերությունների հաստատման համար մենք դեռ չենք տեսնում  զգալի եւ էական առաջընթաց, որը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան կապում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառապես հայ-ադրբեջանական  հարաբերություններով եւ Արցախի հարցով:

-Պարո՛ն Մարկարով, մեր հանրությունը, ինչպես նաեւ ընդդիմադիրները մեղադրանք են հնչեցնում իշխանությունների հասցեին, ասում են՝ ինչպես ստացվեց արդյոք, որ Թուրքիա օգնություն հասցնելու համար մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ ճանապարհը բացել, իսկ Լաչինի ապաշրջափակման ուղղությամբ քայլեր չեն արվում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

-Հայ-թուրքական սահմանը Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել. երբ կարիք եղավ բացել ճանապարհը, անմիջապես իրականացրեցին համապատասխան գործողություններ, որպեսզի  մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիա: Ցավոք, Հայաստանը Լաչինի միջանցքը բացելու ռեսուրս չունի այն առումով, որ չունի ռեսուրս՝ ադրբեջանական կողմի վրա ազդելու կամ նպաստելու, որ խաղաղապահների բանակցություները ադրբեջանական կողմի հետ արագ ավարտվեն այն արդյունքով, որը մենք ենք ցանկանում: Մենք գիտակցում ենք, որ շատ անգամ փակ ճանապարհները բացվում են այն դերակատարի կողմից, որը փակել է ճանապարհը, կամ էլ համապատասխան աղբյուրների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ճնշում ճանապարհը փակողի վրա: Թուրքիայի դեպքում մենք տեսնում ենք, որ ով փակել է, նա էլ ճանապարհը բացել է, իսկ Լաչինի դեպքում մենք տեսնում ենք, որ փակողը ճանապարհը բացելու ցանկություն չունի, իսկ այլ կողմերը չունեն հնարավորություն՝ այն բացելու համար ճնշում գործադրելու: Այսինքն՝ հայ-թուրքական ճանապահը եւս չէր բացվի, եթե չլիներ Թուրքիայի ցանկությունը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. տկն Էդիտե Մեդնեի եւ պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը:

 

  1. Բարեկամական խմբի շրջանակներում հանդիպմանը խոսեցի Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ագրեսոր Ադրբեջանի կողմից եկող վտանգների մասին: Նշեցի, որ Արցախը Լատվիայի, Հայաստանի եւ մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային Միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ մտքի հետ եւ այդ անկախությունը չի ներում մեզ:
  2. Դեսպանին ներկայացրի Արցախի՝ հումանիտար աղետի հետեւանքով առաջացած ծանր վիճակը, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սղությունը եւ մի շարք այլ խնդիրներ:
  3. Արձանագրեցի, որ Ադրբեջանը 2020 թ. պատերազմից հետո զինված ագրեսիա է գործել՝ 3 անգամ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք. դրա հետեւանքով կորցրել ենք մի շարք տարածքներ, ջրի ակունքներ եւ այլն:
  4. Բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Զուգահեռներ տանելով Կոսովոյի հետ՝ կիսվեցի այս հարցում Լատվիայից աջակցության ակնկալիքներիս մասին:
  5. «Ազատությունը պետք է փայփայել: Իբրեւ երկիր՝ Լատվիան իսկապես նվաճել է իր ազատությունը ու հիմա փայփայում է այն: Մենք ձեզ նույնն ենք ցանկանում, քանի որ տեսնում ենք, որ դուք էլ եք նույն ճանապարհին, եւ դուք գնահատում եք ազատությունը»,- իր խոսքում ընդգծեց տիկին Մեդնեին:

Հանդիպման ավարտին իմ երախտիքի խոսքը հայտնեցի Լատվիային՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար. Ռիգայում բացվել է Ցեղասպանության թանգարան, ընդգծված բարեկամական վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Որպես ԵՄ անդամ երկիր՝ շնորհակալություն հայտնեցի նաեւ Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու համար»:

 

 

 

ԹԱՓՈՒՐ ԵՆ

Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր աշխատատեղեր ունեն: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ ֆինանսների նախարարությանը: Նախարար Վահե  Հովհաննիսյանն արդեն հասցրել է կադրային փոփոխություններից հետո նոր նշանակումներ կատարել եւ ունի չորս տեղակալ, սակայն նախարարը չունի օգնական. համենայնդեպս, պաշտոնական կայքում առկա տվյալները այդ մասին են վկայում: Ի տարբերություն մյուս նախարարությունների՝ այստեղ իրավիճակը բարվոք է, եւ շատ թափուր հաստիքներ չկան: Վարչություններից թափուր է Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչությունը, Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ընդ որում՝ վերջերս՝ փետվարի 10-ին հրապարակված  տվյալների համաձայն՝ եղել են հաստիքների համալրման համար մրցույթներ, սակայն ոչ ոք չի դիմել: Օրինակ՝ դիմողներ չեն եղել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի մասնագետի, Միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի մասնագետի եւ Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական եւ առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի մասնագետի համար:

 

 

 

 

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» ՉԻ ՀԱՅՏՆՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 12-ին անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը նշել էր, որ «Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:  Նշենք, որ վերոնշյալի մասին փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների համակարգ» կայքէջից՝ հրապարակելով փաստաթուղթը:  Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս»  ընկերությունը, դիմելով «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկացրել է, որ դա եղել է ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թույլ տված վրիպակը, եւ համապատասխան կայքէջում արդեն շտկվել է սխալը: «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ անդրադառնում է այս թեմային՝ հղում անելով Ֆինանսների նախարարության «Գնումների բողոքարկման համակարգ» կայքին, որովհետեւ այնտեղ ուղղվել է, եւ մենք էլ ուղղում ենք. «Սիլ ինշուրանս» ընկերությունը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Նկատենք, որ թեեւ Ֆինանսների նախարարության «Գնումների համակարգ» կայքէջում տեղադրված է շտկված տարբերակը, բայց դրա ներքեւում ակտիվ հղմամբ կա նաեւ հին՝ չուղղված տարբերակը: Ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը նախորդ՝ հին տարբերակները չի հեռացրել:

 




Լրահոս