ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:

 

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգին:

Ընթացիկ իրավիճակ եւ նոր կարգավորումների անհրաժեշտություն

Մանկավարժների՝ ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլեւ գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձեւավորելու համար։ Գործող կարգով սահմանված են մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ իրագործելի են մասնակի դեպքերում փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաեւ վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչն առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, եւ, բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու հստակեցնել տնօրենի լիազորությունների  շրջանակը:

Տնօրեն

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ նոր կարգավորումներով հստակեցվել են տնօրենին ներկայացվող պահանջները իր պարտականություններն առավել ամբողջական եւ համապարփակ իրականացնելու համար: Այն կարող է հանդիսանալ նաեւ իբրեւ ուղեցույց դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց եւ թափանցիկ կառավարումն է, ինչպես նաեւ կրթության որակի շեշտադրումը: Կրթության արդյունավետ կազմակերպման համար կարեւոր է տնօրենի համագործակցային աշխատանքը վարչատնտեսական համակարգողի հետ՝ համատեղ նախատեսված գործընթացի կազմակերպման առումով:

Տնօրենի իրավասությունների շրջանակը, որը սահմանված է պաշտոնի նկարագրում, ներառում է կրթական ողջ գործընթացը՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության, մանկավարժական հաստիքների համալրման, կանոնադրական պարտավորությունների կատարման, ներքին կարգապահական կանոնների սահմանման գործառույթից մինչեւ կրթության որակի ապահովում: Վերոգրյալ փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է տնօրենի տեղակալի գործառույթների նկարագրի վերանայումը:

Ուսուցիչ

Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարեւորագույն բաղադրիչ են ուսուցչին ներկայացվող պահանջները՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական եւ որակավորման չափանիշներ: Կարեւոր բաղադրիչ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ ԱՈՒՊ-ի կազմումը եւ վարումը, դրանց հիման վրա կրթության կազմակերպումը: Հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի փոփոխությամբ պայմանավորված՝ մանկավարժական աշխատողներին ներկայացվող ընդհանրական պահանջ է իրազեկվածությունը օրենսդրական ոլորտի փոփոխություններին:

Ուսուցչին ներկայացվող պահանջ է նաեւ ծանոթությունը դասավանդման ժամանակակից մեթոդներին եւ նորագույն կրթական տեխնոլոգիաներին: Ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները եւ կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը:

Մանկավարժական աշխատողների կարողունակություններում էական նշանակություն է տրվել Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում աշխատանքների իրականացմանը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացի կարգավորումներին՝ ըստ պատասխանատվության աստիճանի: Էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնի նկարագիրը սահմանվում է առաջին անգամ, որով ներկայացվում է աշխատողի կարեւոր դերակատարումը ուսման գործընթացի պատշաճ կազմակերպման առումով:

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաեւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական եւ վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը:

 




Լրահոս