ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՊԱԼՄԱՆՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի հետ:

 

-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ տվեց այս հանդիպումը մեզ: Հայաստանի ու Ադբեջանի նախագահների հերթական հանդիպո՞ւմն էր, թե՞ ինչ-որ առաջընթաց գրանցվեց, ամեն դեպքում:

-Ինձ համար այդ հանդիպումից սպասելիքները շատ չէին՝ հաշվի առնելով, որ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայկական դիվանագիտությունն ամենախոշոր տապալումն ունեցավ հենց Մյունխենում: Ես ենթադրում էի, որ կրկին «ԼՎվպՎվՌՎՌ»-ի մակարդակի դիվանագիտական ռեվերանսներ ու թոթովանքներ պետք է անի Փաշինյանը: Այն մոտեցումները, որոնք նա ներկայացնում էր արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ուղղակի խայտառակություն էր: Մյունխենում մենք հերթական տապալմանն ականատես եղանք, տեսանք, թե ինչպես է Ալիեւը հայ ժողովրդի «աչքը մտցնում» 2021թ-ի ընտրությունները: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը համակերպվել է կապիտուլյացիայի հետ, եւ դա ամբողջ հայ ժողովրդի վզին է փաթաթում: Ես ամենեւին էլ այդ կարծիքին չեմ, հայության մի ստվար զանգված, որը արցախյան գոյապայքարի ակունքներում է կանգնած, լիահույս է, որ այս պայքարը շարունակական է, Արցախը գոյություն ունի, վստահ եմ, Արցախը քաղաքական ինքնություն կունենա: Ես կարծում եմ, որ Մյունխենում արձանագրվեց նաեւ հերթական հակառուսական կոալիցիան, եւ Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, մասն են կազմում դրա, իսկ հետեւանքնեորը մեզ համար խիստ ճակատագրական կարող են լինել:

-Պարո՛ն Գալստյան, մյունխենյան հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները: Միեւնույն ժամանակ Ալիեւը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթ չպետք է լինի: Ի՞նչ կասեք այս մասին.

-Ցավոք սրտի, այսօր Ալիեւը իրեն թույլ է տալիս հանդես գալ թելադրողի դիրքերից. նա, ինչ-որ առումով, այդ իրավունքը վաստակել է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքների իշխանությունն է այսօր Հայաստանում, նրանք էլ կարողանում են նման լկտի ու ցինիկ պահվածքով իրենց դրսեւորել: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում Արցախի հիշատակմանը, այս իշխանությունները ամեն ինչ անում են քաղտնիության քողի տակ, ժողովրդին տեղյակ չեն պահում խնդրի մասին, մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում: Հաշվի առելով նոյեմբերի 9-ի չարագուշակ նախադեպը՝ մի օր էլ արթնանալու ենք ու տեսնենք, որ Փաշինյանը նոր փաստաթուղթ է ստորագրել, որտեղ հայ ժողովրդի որեւէ կենսական շահ ներկայացված չի լինելու:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, շտապել են սոցիալական ցանցի իրենց էջերում ցույց տալ, թե աշխատում են, հանդիպում բնակիչներին, բայց իրականում բեմադրություն են կազմակերպում:

 

Ներկայացված լուսանկարներում, օրինակ, Ալխաս Ղազարյանը ներկայացնում է այցը Գեղարքունիքի մարզի Կուտական համայնք, հանդիպումը բնակիչների հետ:

Նկատենք, որ Կուտականը սահմանամերձ, աղքատ գյուղ է, որտեղ վերանորոգված գրեթե ոչինչ չկա, եւ հարց է, թե պատգամավորները որտեղ են շքեղ պայմաններ գտել Կուտականին մոտ եւ տաքուկ հանդիպում կազմակերպել: ArmLur.am-ը պարզեց, որ ներկայացված

լուսանկարները Վարդենիս քաղաք չհասած «Միլկա» ռեստորանում են արվել, որտեղ ՔՊ-ականները տաքուկ նստած ժողով են անում եւ տպավորություն ստեղծում, թե հանդիպում են բնակիչների հետ կամ աշխատում են։

Հիշեցնենք, որ Վարդենիսում իսկապես ցուրտ է, եւ ՔՊ-ականները վախեցել են մրսել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վարդենիս

 

 

 

 

ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

 

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն  4-րդ անգամ   է  դիմելու դատարան՝ ՊԲ  նախկին  հրամանատար Միքայել Արզումանյանի  կալանքը երկարացնելու միջնորդությամբ։ Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նրա  քրեական վարույթով ակտիվ  առերեսումների փուլ է:

 

 

 

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԵՎՍ

Այսուհետ փոխվարչապետների հրավերով Հայաստան ժամանած պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը եւս կիրականացվի՝ պետական արարողակարգի ծառայության հաշվին եւ ներկայացրած հաշվետվության հիման վրա:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ այդմ, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը եւս Հայաստան պատվիրակություններ հրավիրելու իրավունք կունենան:

Նոր փոփոխությամբ՝ «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։  Նշվում է, թե այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետությունում փոխվարչապետների՝ գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։

Հիշեցնենք, որ մինչեւ այս փոփոխությունը նման իրավունք ունեին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը։

 

 

 




Լրահոս