ԹՄՐԱՄԻՋՈՑ ՊԱՀԵԼՈՒ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, որը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով Կրիստալ տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով, պատկանում է իրեն:

 

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է 23.66 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածների պարունակությամբ 28 փաթեթ, ինչպես նաեւ կապույտ գույնի պլաստմասե բաղկացուցիչով, մոխրացված պատերով եւ յուրահատուկ հոտով կաթոցիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ նշված անձը ձերբակալվել է:

ՔԿ փոխանցմամբ՝ հայտնաբերված եւ փորձաքննությանը ներկայացված փաթեթների պարունակությունը ենթարկվել է նախնական զննության, իսկ դրանցից որոշները՝ նաեւ որակական հետազոտության։ Պարզվել է, որ փաթեթներից 7-ից հանված ընդհանուր 2.64 գրամ քաշով փոշեբյուրեղային զանգվածները հանդիսանում են Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ մնացած մասի ամբողջական հետազոտության արդյունքները կտրվեն նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության շրջանակներում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վերոհիշյալ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

 

 

 

 

ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երեւան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել եւ ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ իրենց իշխանական լիազորություններով պայմանավորված կաշառք տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար, ինչպես նաեւ նույն նպատակներով ընդունել են տնտեսվարողների կողմից կաշառք տալու առաջարկը, որպիսի գործողությունների արդյունքում իրենց իշխանական լիազորություններն օգտագործել են՝ ի վնաս ծառայողական շահերի՝ էական վնաս պատճառելով պետության, ինչպես նաեւ անձանց իրավունքներին ու օրինական շահերին։

 

Հերթական անգամ 2023 թվականի փետրվարի 17-ին Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իշխանական լիազորություններն օգտագործելով Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ.Ս-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող BMW մակնիշի, MS 922 MS վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 500.000 ՀՀ դրամ գումար ստանալուց եւ տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո կաշառք տված անձի հետ միասին հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո նախաքննություն իրականացնելու նպատակով քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետեւանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը եւ Զորակ Սամվելի Երանոսյանը: Այս մասին հայտնում են պաշտպանական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հանգամանքները, որի մասին քիչ առաջ հայտնել էինք: Նշվում է, որ 2 զինծառայող տարբեր վնասվածքներով տեղափոխվել է կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: «Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն: Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետեւանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ՄԵՆԱՀԱՏ ԿՐԱԿՈՑ

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջեւանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջեւանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետեւանքով։ Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաեւ այլ փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում՝ նաեւ դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսեւորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։




Լրահոս