Վաղը՝ փետրվարի 28-ին, կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Նստաշրջանի հիմնական օրակարգում ներառված է 7 հարց, իսկ լրացուցիչ հարցերն էլ 8-ն են: ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմությունը ևս մասնակցելու է վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերին, ավելին՝ պատրաստվում է «թեժ» քննարկում սկսել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի վերաբերյալ:
Նշենք, որ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները եւ սահմանափակումները, ինչպես նաեւ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:
Քրիստինա Մուշեղյան