Արդեն իսկ անհավասար պայմաններում են բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են քաղաքապետի ընտրություններին. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այս տարի աշնանը սպասվում են քաղաքապետի ընտրություններ: Թեև դեռ ամիսներ կան ընտրություններին, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են իրենց մասնակցության վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Արդեն հայտնի է, որ իշխող ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն՝ Նատալյա Ռոտենբերգն է, իսկ ընդդիմությունը դեռ որոշում չունի մասնակցության մասով:

ArmLur.am-ի հետ զրույցում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դեռ քննարկում են քաղաքապետի ընտրություններին մասնակցության հարցը:

Վերջնական որոշում դեռ չունեն, բայց՝ առավել հակված են մասնակցելուն:

Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նաև տեսակետ հայտնեց, որ իշխող ուժը, ինչպես մինչ այս է եղել, օգտագործելու է իր ձեռքի տակ եղած բոլոր վարչական ռեսուրսները, որպեսզի մայրաքաղաքում իշխանությունը չկորցնի:

Ըստ զրուցակցի՝ իշխանություններին հակազդելու համար ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացվեն:

-Տիկի՛ն Փոստանջյան, արդեն աշնանը Երևանը նոր քաղաքապետ կընտրի: Ի՞նչ սպասումներ կան այս ընտրություններից, արդյո՞ք մայրաքաղաքային ընտրությունները քաղաքական նոր փոփոխությունների սկիզբ կդառնան.

-2009թ-ից Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձել է ընտրովի, ով իշխանության է, նա ամեն կերպ օգտագործում է իր ձեռքի տակ ունեցած վարչական հնարավորությունները, սա ակնհայտ է:

Արդեն իսկ անհավասար պայմաններում են բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են քաղաքապետի ընտրություններին, կապ չունի՝ ես եմ, թե այլ քաղաքական ուժ, արդեն ակնհայտ է՝ իշխանությունն ունի առավելություններ՝ տասնյակ անգամներ: Այսպես ասենք, պատկերացրեք, գնում ես որևէ մրցույթի, մեկն ընդունել է համապատասխան խթանիչ, այս դեպքում խթանիչ ունդունողը գործող իշխանությունն է, և կան անձինք, որոնք այդ խթանիչը չունեն: Հետևաբար, այդ խթանիչը հաղթահարելու համար պետք է լայն կոնսոլիդացիա, եթե դա չլինի, ապա ակնհայտ է, որ մյուս ուժերը, ի սկզբանե, պարտված են համարվելու:

-Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է քաղաքապետի ընտրություններում, ձեզ համար հասկանալի՞ է՝ որտեղի՞ց նրանց այդքան վստահություն.

-Իսկ ուրիշ բան սպասո՞ւմ էիք, որ իրենք ասեին: Տիգրան Ավինյանի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում կատարած աշխատանքը ո՞րն է եղել, ո՞վ է տեսել, հասարակությունը հիմա պետք է իր գնահատականը տա այդ ամենին, բայց որպեսզի հասարակությունը կարողանա գնահատական տալ և իր կարծիքը տեղ հասցնի, դրա համար պետք է Տիգրան Ավինյանին հակադարձող լայն կոնսոլիդացիա:

-Տիկի՛ն Փոստանջյան, պաշտոնական քարոզարշավին դեռ ամիսներ կան, բայց Տիգրան Ավինյանը, կարծես, վաղուց արդեն սկսել է իր քարոզարշավը: Երևանում տեղի ունեցող միջոցառումներին ինքն է մասնակցում՝ քաղաքապետի փոխարեն, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում երևանցիների հետ: Արդյո՞ք սա խախտում չէ.

-Այո, խախտում է, բայց իրենք ձևականորեն կարող են ասել, թե խախտումներ թույլ չեն տվել, բայց տրամաբանորեն, իհարկե, խախտում է այդ ամեն ինչը:

Սուրմալուի ողբերգության ժամանակ Ավինյան Տիգրանը գալիս է այնտեղ ու իրեն է ցուցադրում, այդտեղ ուրիշ մանագետներ պետք է գային, ոչ թե ինքը գար ու ցուցադրեր իրեն, նկարահանվեր, քարոզարշավ աներ, դրա կարիքը չկար,Ինքն այս ամենը արեց ու մնաց անպատիժ, հետևաբար, սրան հակադարձող գործողությունը պետք է լինի լայն համախմբումը, այսինքն՝ մյուս թեկնածուները ոչ թե պարզապես թեկնածություն դնեն, աննպատակ կամ կեղծ ցանկություններ արտահայտեն , այլ՝ պետք է ունենան իրատեսական ու լուրջ ծրագիր:

Հետագայում, երբ իրենց քաղաքական ուժն իր հակադարձումը կներկայացնի գործող բռնազավիթիչներին, կստանա հնարավորություն՝ Երևանը կառավարելու, թող միառժամանակ հետո էլ կառավարի պետությունը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս