ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

 

Գյումրիում բացվեց Կամերային երաժշտության դահլիճը: Դահլիճը  բացվել եւ գործելու է Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում: Դահլիճի բացման առթիվ  բեմում էին Գյումրու պետական երաժշտական խմբերը, դպրոցական, միջին մասնագիտական եւ բարձրագույն երաժշտական հաստատությունների ներկայացուցիչները։

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Հարկայինի աշխատակիցը ցանկանում է ինձ տուգանել ՀԴՄ անդորրագիր չտալու համար, սակայն նա չի ներկայացրել ստուգման հանձնարարական. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Սերինե Հայրապետյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հարկային մարմինը ցանկանում է վարչական պատասխանատվության ենթարկել Ձեզ՝  հայտնելով, որ Դուք ՀԴՄ կտրոն չեք տվել, ապա նա նախ պարտավոր է կազմել արձանագրություն, որում պետք է մանրամասն նշի, թե որտեղ եւ ինչ պայմաններում է պարզել թույլ տրված խախտումը, պետք է նշի, թե որ ապրանքի համար եւ ում կողմից կատարված գնման ժամանակ Ձեր կողմից չի տրվել համապատասխան անդորրագիր։ Ընդ որում՝ Դուք իրավունք ունեք վարչական իրավախախտման արձանագրման ամբողջ ընթացքը տեսաձայնագրել՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով հարկային մարմնի աշխատակցին։ Դուք իրավունք ունեք նաեւ չհամաձայնելու կազմված արձանագրության հետ՝ այդ մասին Ձեր բոլոր դիտողություններն ու առարկությունները գրառելով արձանագրության մեջ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կարծում եք, որ հարկային մարմնի գործողություններում առկա են դիտավորություն եւ ուղղորդվածություն, եթե նա չարաշահում է իր լիազորությունները կամ ցուցաբերում է անպատշաճ վարքագիծ կամ արգելում է տեսաձայնագրել վարչական իրավախախտման արձանագրության կազմումը, ապա կարող եք այդ մասին ահազանգել Պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Վթարից հետո մյուս վարորդն ընդունում է մեղքը, բայց հրաժարվում է դա անել ՃՈ տեսուչների ներկայությամբ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Գեւորգ Կիրակոսյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման իրավիճակում անհրաժեշտ է զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը, եւ մանրամասն նկարագրել, թե վթարը ինչպես է առաջացել, որից հետո լուսանկարե՛ք եւ տեսանկարահանե՛ք վթարված մեքենաները, նրանց դիրքերը վթարից հետո, վթարի վայրում առկա անիվների հետքերն ու թափված դետալները։ Ձեր ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր կներկայանան Ճանապարհային ոստիկանության աշխա­տակիցները եւ կկազմեն համապատասխան արձանագրություն, որի ժամա­նակ Դուք պետք է պահանջեք, որ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնի վարչական վարույթ, բացահայտի կարգազանց վարորդին, որը լքել է դեպքի վայրը, եւ ենթարկի նրան վարչական պատասխանատվության։ Միաժամանակ անհրաժեշտ է վթարի մասին իմանալուց հետո այդ մասին զանգով տեղեկացնել Ձեր ապահովագրական ընկերությանը։

ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կրկնակի փորձաքննության եզրակացության արդյունքները եւս չգոհացնեն Ձեզ, ապա կարող եք այն վիճարկել դատական կարգով՝ ապացուցելով Ձեր անմեղությունը տեղի ունեցած վթարում։ Դատարանում անհրաժեշտ է լինելու ներկայացնել ապացույցներ, որոնցով կհիմնավորվի մյուս վարորդի մեղավորությունը վթարում։ Այդպիսի ապացույցներից են նաեւ վթարին ականատես վկաների ցուցմունքն­երը, վթարի վերաբերյալ տեսանյութը, վթարից հետո կատարված լուսանկարները, փորձա­գետի եզրակացությունները եւ այլն։

 




Լրահոս