ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը փետրվարի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց մի շարք ընկերությունների:

 

Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» անհատ ձեռնարկատերը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈՄԱՆ ՈՒՍՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ու նյութերի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ մինչեւ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113.4 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը մաքսատուրքից ազատեց նաեւ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երեւանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Թողարկված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում։ Արդեն իսկ իրականացվել է 213 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռք բերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 180 մլն դրամի ներդրում, որից 150 մլն դրամը՝ սարքավորումների ձեռք բերման, իսկ 30 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 160 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 218 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղական կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երեւան քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.97 մլրդ դրամի ներդրում, որից 157.1 մլն դրամն արդեն իսկ ներդրվել է հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ մինչեւ 133 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128.3 մլն դրամ:

Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների եւ կցամասերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երեւան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 201.4 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչեւ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 209 մլն դրամ:

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել 2021-2022 թվականներին մեկնարկած պաղպաղակի եւ 2022 թվականին մեկնարկած սեւ եւ լուծվող սուրճերի արտադրությունների համար։ Արտադրությունն իրականացվելու է Երեւան քաղաքում։  Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 1.7 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռք բերման համար, որից 1 մլրդ դրամը՝ պաղպաղակի արտադրության, իսկ մնացած մասը՝ սուրճի արտադրության ոլորտում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 313-340 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 966 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:

 

 

 

 

 

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։

 

Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում՝

-2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

– 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։

-2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։

-2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաեւ մինչեւ վերոնշյալ  փոփոխությունը ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով (160-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ):

 

 

 

 

ԿՈՂԲԻ ՑԵՈԼԻՏԸ  ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԻ

Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան  «Ցեոլիտ տեխնոլոջի» ՍՊԸ-ի կողմից նախատեսված՝ Նոյեմբերյան  համանքի Կողբ բնակավայրի «Ղիասի քար»  տարածքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկումները կայացել են օրենքով սահմանված կարգով,  բնականոն ձեւով Նոյեմբերյան խոշոր  համայնքի բնակիչների կողմից ցուցաբերված որոշակի հետաքրքրության եւ ակտիվության պայմաններում։ Համացանցից տեղեկացա, որ 2020թ. հուլիսի 6-ին Տավուշի մարզի Կողբ համայնքի համայնքապետարանի շենքում տեղի է  ունեցել  «Ցեոլիտ տեխնոլոջի»  ՍՊԸ-ի  կողմից ներկայացված՝ Տավուշի մարզի «Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի  «Նոր Կողբ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանում» նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը։ Երկու տարի առաջ Կողբ բնակավայրում ցեոլիտային տուֆերի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլն անցկացրած «Ցեոլիտ տեխնոլոջին»   ինչո՞ւ   Կողբի հանքավայրում նշված ժամանակ  այդ օգտակար հանածոյի արդյունահանում չի իրականացրել,  այժմ  է Կողբի տարածքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպել  Նոյեմբերյան խոշոր  համայնքում, որի մեջ  ընդգրկված է նաեւ Կողբ գյուղը։ Այդ  կապակցությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանից պարզաբանեցին, որ երկու տարի առաջ «Ցեոլիտ տեխնոլոջի» ՍՊԸ-ին  Կողբի տարածքում ցեոլիտի արդյունահանման նպատակով հատկացված տարածքը ինչ-որ սխալի պատճառով քարտեզով համընկել է  ցեոլիտ արդյունահանող այլ ընկերությանը տրամադրված  տարածքին, այդ պատճառով այն ժամանակ «Ցեոլիտ տեխնոլոջին»  Կողբ գյուղի տարածքում  ցեոլիտի արդյունահանում չի իրականացրել։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին նաեւ, որ  այդ ընկերությունը Նոյեմբերյան համայնքում  գործելու է՝ բնապահապանական օրենսդրությանը համապատասխան, որպեսզի ստանա իր  գործունեության վերաբերյալ  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ), դրանից հետո իրականացնի  իր նախատեսած ծրագիրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝  «Ցեոլիտ տեխնոլոջի»  ՍՊԸ-ն  սերտորեն   առչվում է  «Հրազդան ցեմենտ»  ընկերության հետ։ Ցեոլիտը  բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված հանքանյութ է, որի վերամշակումից ստացված արտադրանքը կիրառվում է տարբեր բնագավառներում։  Տարիներ առաջ Կողբ գյուղի տարածքից արդյունահանված ցեոլիտի վերամշակման արտադրամաս էր գործում Տավուշի մարզի Այրում քաղաքի սկզբնամասում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս