ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդ օրը հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այդ իրադարձությունները սկսվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո։

 

Այս հայտարարությունից անցել է մեկ տարի։ Armlur.am-ը փորձել է ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել այս ընթացքում, եւ ինչ իրավիճակ է այժմ։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին ռազմական դրություն հայտարարեց երկրում, ինչպես նաեւ համընդհանուր զորահավաք՝ բոլոր արական սեռի Ուկրաինայի քաղաքացիների համար՝ 18-ից մինչեւ 60 տարեկան, որոնց արգելվեց երկրից դուրս գալ։

Ռուսաստանի գրոհները սկզբնապես կատարվում էին հյուսիսային ռազմաճակատում՝ Բելառուսից դեպի Կիեւ, հյուսիսարեւելյան ռազմաճակատում՝ Խարկովի ուղղությամբ, հարավային ռազմաճակատում՝ Ղրիմից, հարավարեւելյան ռազմաճակատում՝ Լուգանսկից եւ Դոնեցկից։ Հյուսիսային ռազմաճակատում տալով ծանր մարդկային եւ ռազմատեխնիկական կորուստներ եւ հանդիպելով Ուկրաինայի բանակի ուժեղ դիմադրությանը Կիեւի շրջակայքում՝ Ռուսաստանի զորքերը ստիպված եղան դադարեցնել իրենց առաջխաղացումը մարտ ամսին, իսկ ապրիլ ամսին Ռուսաստանի զորքերը ստիպված եղան նահանջել։ Ապրիլի 19-ին Ռուսաստանը մի նոր հարձակում ձեռնարկեց 500-կիլոմետրանոց (կամ 300-մղոնանոց) ռազմաճակատով մեկ, որը տարածվում էր Խարկովից մինչեւ Դոնեցկ եւ Լուգանսկ։ Մինչեւ մայիսի 20-ը Ռուսաստանի զինված ուժերին հաջողվեց մի քանի ամիս տեւած դաժան պաշարումից, բազմաթիվ գրոհներից եւ ռմբակոծություններից հետո գրավել Մարիուպոլ քաղաքը՝ Ազովստալի մետաղաձուլական գործարանով: Ուկրաինական բանակի հարձակման հետեւանքով Խարկովի մարզի մեծ մասն ազատագրվեց արդեն սեպտեմբերին։

Ինչ վերաբերում է հարավային ռազմաճակատին, ապա այստեղ նոյեմբերին Ուկրաինան հետ գրավեց Խերսոն մարզային կենտրոնը, որը միակ մարզային կենտրոնն էր, որ Ռուսաստանին հաջողվել էր գրավել 2022թ. փետրվարին սկսված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան իր բանաձեւով պահանջեց Ռուսաստանի զորքերի լիակատար դուրսբերումը Ուկրաինայից, իսկ Միջազգային արդարադատության ատյանը կարգադրեց Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանին հեռացրեց իր շարքերից։

Բազմաթիվ երկրներ նոր պատժամիջոցներ դրեցին Ռուսաստանի վրա, ինչը բացասական ազդեցություն գործեց Ռուսաստանի տնտեսության վրա, թեպետ անմասն չմնացին նաեւ աշխարհի այլ երկրներ։ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր եւ սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ եւ վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության եւ Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։ Հետաքննությունը հրապարակվել է փետրվարի 2-ին: Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեեւկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։

Պատերազմի առաջին փուլում ամենամեծ կորուստները կրել են օդադեսանտային ուժերը, ծովային հետեւակայինները, Գլխավոր հետախուզական վարչության (թՀձ) հատուկ ջոկատները, ինչպես նաեւ Ռուսաստանի գվարդիայի հատուկ ջոկատները՝ պրոֆեսիոնալ եւ լավ պատրաստված կազմավորումները, որոնք համալրված են հիմնականում պայմանագրային զինծառայողներով: Նաեւ Ուկրայինայի կողմից է տվյալներ հրապարակվել ռուսական բանակի կորուստների մասով: Ըստ այդ տվյալների՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ 2023 թվականի փետրվարի 19-ը ռուսական բանակի զոհերի թիվը մոտ 142 860 է. այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նշվում է նաեւ, որ ոչնչացվել է 3310 տանկ, 6545 զրահապատ մարտական մեքենա, 2327 հրետանային համակարգ, 298 ինքնաթիռ, 287 ուղղաթիռ, 873 թեւավոր հրթիռ, 224 միավոր հատուկ տեխնիկա եւ այլ սպառազինություն:

Իսկ ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում: Ռուսական կողմից տվյալներ են հրապարակվել, որ, իսրայելական հետախուզության տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերն ունեն ավելի քան 400 հազար զոհ, որոնց շարքերում կան 5 հազար վարձկաններ: Ուկրաինան հերքել է այդ տվյալները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:

Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ԱԲՈՒ ԴԱԲԻ

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը գործուղվել է Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ):

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը Աբու Դաբիում կմասնակցի IDEX-2023 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին: Պատգամավորի գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի հետ կատարած ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ

ԱԺ աշխատակազմը կրկին պարգեւավճար է ստացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է Ազգային ժողովի աշխատակազմի 2023 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել ԱԺ աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

ԿԱՏԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել՝ սահմանափակվելով հետեւյալ նախադասությամբ. «Մեր բոլորիս եւ պետության՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»: Արայիկ Հարությունյանի այս որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ թվում` այն մեկնաբանվել է որպես «Ադրբեջանի թելադրանքի կատարում»։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ Ադրբեջանի ասածները, թե իրենք պետք է կառավարեն Արցախի քաղաքական կյանքը, մինչ այս հեքիաթ էր թվում, սակայն հիմա արդեն իրականություն են կարծես դառնում: «Արայիկ Հարությունյանը երեկ կատարեց Ադրբեջանի պահանջը. այն կատարելու ուղղությամբ ճնշում կար նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից: Այս քայլին նա գնաց՝ մեջքով շրջվելով Արցախին եւ արցախցիներին»,-ասաց նա:

 

 

 

 

ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից պահեստազորայինների վարժական հավաքների համար կներգրավվեն տրանսպորտային միջոցներ: Այդպիսի կանոնակարգում է առաջարկվում «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության որոշման նախագծով:

Հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է Զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը:

Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

 




Լրահոս