ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով՝ փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Արմենակի Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Ժուդոլֆի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Վանիկի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Էդուարդի Խալապյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչիկի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի հրամանով նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի պետի պաշտոնում:

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆԵԼՈՒ

Հակակոռուպցիոն կոմիտեում կստեղծվի կարգապահական հանձնաժողով։ Armlur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից։

 

Օրենքում կատարված փոփոխությամբ՝ դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամները նշանակվելու են 3 տարի ժամկետով: Միաժամանակ հարկ է նշել, որ պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմում ներգրավված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ներկայացուցիչը, իրավաբան-գիտնականը, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչները պաշտոնավարում են 2, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դատախազը` 1 տարի ժամկետով:

Նշենք նաեւ, որ նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:

Նախագծով նաեւ հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն եւ կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի իրականացման համար նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ:

Նախագծով նաեւ սահմանվել են երաշխիքներ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից: Նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում՝ հանդես գալ ներկայացուցչի միջոցով:

Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:

Միաժամանակ, նախագծով սահմանվում են հանձնաժողովի ձեւավորման ժամկետները, ինչպես նաեւ նախատեսվում են կարգավորումներ, որոնք կապահովեն կոմիտեի վարքագծի կանոնների ընդունումը եւ այլն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԷԺԱՆ ԳՆՈՎ ԾԱԽԵԼ ԵՆ

Անցած տարվա աշնանը Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աճեցված կորոլյոկի (արքայանարնջի) բերքի իրացման խնդիր կար։ Բերքաբերում մոտ 50 տոննա կորոլյոկի  բերք կար, որը չէր իրացվում։ Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Բերքաբերի բնակիչները թեեւ դժվարությամբ, սակայն բերքը իրացրել են: Վարչական ղեկավարն ասաց, որ գյուղացիները ստիպված չեն եղել չիրացված կորոլյոկից տնական եղանակով օղի թորել։ Բերքաբերում առկա է շուրջ 20 հեկտար կորոլյոկի այգի, կան նաեւ նորատունկ այգիներ, որոնք դեռեւս բերք չեն տալիս։ Սահմանամերձ Բերքաբերում կյանքը բնականոն հունով է ընթանում։ Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է  65 աշակերտ. այդ թիվը,  նախորդ տարիների համեմատ, մի քիչ ավելի է։ Իջեւան համայնքի բյուջեի  եւ  «Հայաստան»  համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ Բերքաբերում  գիշերային լուսավորության ցանց է կառուցվել, եւ այժմ գիշերները ողջ գյուղը լուսավորվում է։ Ավելի  քան 30 տարվա ընդմիջումից հետո Բերքաբերին կից Ջողազի ջրամբարից ոռոգման ջրագիծ է կառուցվել, այդ ջրագծով պոմպի միջոցով կոռոգվի Բերքաբերի 80, նաեւ՝ հարեւան Սարիգյուղի 40 հեկտար տարածքները: Բերքաբեր գյուղն ունի 760 հեկտար տարածք, որը, գտնվելով փաստացի հայ-ադրբեջանական սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, արդեն 30 տարի գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Բերքաբերում առկա է խմելու ջրի խնդիր։ Փաստացի 400 բնակիչ ունեցող բնակավայրը խմելու ջուր է ստանում Աճարկուտ-Բերքաբեր խմելու ինքնահոս ջրագծով, որը վերանորոգվել է, սակայն անտառում կան հատվածներ, որոնք կարիք ունեն նորոգման։ Վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն  ասաց, որ շուրջօրյա խմելու ջրամատակարարում է կատարվում, սակայն ջրի ծորակները  տեղադրված են ոչ թե բնակիչների տների բակերում, այլ թաղերում, որտեղից էլ գյուղացիները ջուր են կրում իրենց առանձնատներ։

 

 

 

 

ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐՏԱԳԱՂԹ ԿԱ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից թեեւ  ոչ մեծ  չափով, սակայն արտագաղթ է  կատարվում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Դա  ամեն տարվա  գարնանը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը չէ, երբ խոր աշնանը վերադառնում  են հայրենի բնակավայր։ Ռուսաստան տեղափոխվում  են ընտանիքներով, փոքրահասակ երեխաներով։  Փաստացի պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանն արտագաղթողներին  ավելի հրապապուրիչ  ու հեռանկարանային է թվում, քան  Հայաստանը։ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ.  մայիսի 17-ին որպես մարզպետ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Տավուշի մարզի Ենոքավան  գյուղում ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց առաջիկա 5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք Տավուշի մարզում վերաբնակեցնելու իր նպատակի մասին, սակայն այդ ծրագիրը լոկ խոստում մնաց։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս