ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ընկերությունների ու պաշտոնյաների դեմ կանանց իրավունքները խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ՝ կանանց իրավունքները խախտելու համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՄՆ գանձապետարանի տարածած հաղորդագրությունից: «Այսօր Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ռեժիմի մի քանի պաշտոնատար անձանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի բանտային համակարգի երկու բարձրաստիճան աշխատակիցների դեմ, որոնք պատասխանատու են եղել կանանց և աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», – ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ֆինանսների նախարարությունը միջոցներ Է ձեռնարկել Իրանի բանակի գերագույն հրամանատարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ղեկավարի, ինչպես նաև իրանցի մի պաշտոնյայի դեմ, որը «կենտրոնական դեր է խաղացել ռեժիմի կողմից համացանց մուտքն արգելափակելու գործում»։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական երեք ընկերություններ և դրանց ղեկավարներն այն բանի համար, որ նրանք նպաստել են «Իրանի իրավապահ մարմինների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ բազմաթիվ կանանց և աղջիկների նկատմամբ խիստ բռնաճնշումներին»:

«Սա OFAC-ի պատժամիջոցների տասներորդ փուլն է՝ ուղղված իրանական ռեժիմի դեմ 2022 թ.-ի սեպտեմբերին համազգային բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների և Իրանի ժողովրդին գլոբալ ինտերնետի հասանելիությունից զրկելու համար», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:




Լրահոս