«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից, հավաքագրել է, թե 2018-ի իշխանափոխությունից մինչեւ այս պահը՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի դեպք է գրանցվել: Այսպես, ըստ razm.info կայքում հրապարակված տեղեկատվության՝ 2018-ին ու 2019-ին ՀՀ ԶՈւ-ում զոհերի թիվը համապատասխանաբար 63 եւ 49 է եղել: Նշենք, սակայն, որ Փաշինյանը 2018-ի մայիսից է ստանձնել ՀՀ կառավարումը:
2020-ին, բացի պատերազմի հազարավոր զոհերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած տվյալների, պատերազմական գործողություններով չպայմանավորված՝ 100 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: 2021-ին խաղաղ պայմաններում 65 զինծառայող է զոհվել. տեղեկությունը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է ներկայացրել մի հարցազրույցի ժամանակ: Նախորդ՝ 2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի սեպտեմբերի 13-14-ի ռազմական էսկալացիայի հետեւանքով ունեցած մոտ երեք հարյուր զոհերը, խաղաղ պայմաններում, ըստ կայքերից մեկի ներկայացրած տեղեկատվության, բանակում մահվան 51 դեպք է գրանցվել (3 ամսվա տվյալները բացակայում են): Ամենասարսափելին, ցավոք, 2023-ի հենց սկզբին գրանցված դեպքն էր՝ Գեղարքունիքի մարզի ողբերգությունը, ինչի ժամանակ ժամկետային 15 զինծառայող հրդեհի զոհ դարձավ:
Այս տարվա երրորդ ամիսն է արդեն և Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից։ Այսպես, ի մի բերելով վերոգրյալ թվերը՝ մոտավոր այսպիսի պատկեր է ստացվում. Նիկոլ Փաշինյանի կառվարումից ի վեր՝ առ այս պահը, խաղաղ պայմաններում (չհաշված 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմները) 348 զինծառայող է զոհվել: Եթե այս թիվը համեմատելու լինենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը եղած նախորդ 4 տարիների հետ (այդ ժամանակ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր), ապա նորից, ըստ razm.info.am-ի ներկայացրած տվյալների, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը չհաշված, Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 348:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.