3500 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր:

 

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ.Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից նույն զորամասի հրամանատարին 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է հիշյալ պաշտոնատար անձին՝ իր մտերիմ Վ. Ա.-ին, որը համաձայնել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու:

Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն կաշառքի գումարի մի մասը փոխանցել է Վ. Ս.-ին, որն իր հերթին այն փոխանցել է Վ. Ա.-ին: Արդյունքում Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, եւ Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:

Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ եւ նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալու: Այնուհետեւ Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, որը համաձայնել է  2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին՝ ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: 2022թ. մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում Հ. Ա.-ն Վ. Ս.-ի միջոցով Վ. Ա.-ին փոխանցել է պայմանավորված կաշառքի գումարից 1500 ԱՄն դոլարը:

Արդյունքում Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը եւ մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին եւ Տ. Չ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

 

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցություն՝ ողջ անձնակազմի մասնակցությամբ:

 

Նիստը վարել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել ծառայության ղեկավարի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ներքո գտնվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականին իրականացված, նախաձեռնված եւ ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, վերլուծությունների եւ ռիսկերի գնահատման վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

2022 թվականին ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է 3 ուսումնասիրություն եւ 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքեր, ինչպես նաեւ ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ: Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության՝ 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ: Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 6 ուսումնասիրություն եւ 21 մշտադիտարկում։ Հարկ է նկատել, որ, 2021 թվականի համեմատությամբ, մշտադիտարկումներն ավելացել են 17-ով: Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում խախտումներ են արձանագրվել պետական կառավարման մարմիներում, նրանց ենթակա հիմնարկներում։ Վարչության արձանագրած խախտումները կազմել են 8,45 մլրդ. ՀՀ դրամ։

Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում եւ 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ:

Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն ՀՀ դրամի խախտում:

 

 

 

 

ՏՆՕՐԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

Վերջին տարիներին Դիլիջան ազգային պարկի բոլոր տնօրենները կամ տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատարները իրենց աշխատանքային գործունեության արդյունքում ի վերջո  հայտնվել են հարուցված քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակում։ Կարծես թե Դիլիջանի  ազգային պարկի տնօրենի պաշտոնն անիծված լինի. այն ոչ մեկին հաջողություն չի բերում։ Այդ պաշտոնում վերջերս պաշտոնավարած, Դիլիջանի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար  Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021թ. դեկտեմբերից մինչեւ 2022թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի՝ առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 217 հազար 500 ՀՀ դրամի գույքային վնաս։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում  քննվող քննչական վարույթի նախաքննության արդյունքում պարզվել են  պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հանգամանքները։ Մասնավորապես, քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը «Հաղարծին տեղամաս»   մասնաճյուղի տարածքի եւ ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխաատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով  իր հրամանով ստեղծել է հանձնաժողով, սույն  հրամանի կատարման հսկողությունը վերապահել  է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել, ինչի հետեւանքով  պահաբաժինն օրեր շարունակ մնացել է  առանց հսկողության։ Դիլիջանի ազգային պարկից տեղեկացա, որ  2023թ. փետրվարի 22-ին Դիլիջանի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Ռուդիկի Ալիխանյանը, որը Դիլիջան համայնքի բնակիչ է։ Նա նախկինում աշխատել է ազգային պարկում, պաշտոնավարել է որպես ազգային պարկի տնօրենի  գիտական գծով տեղակալ։ Դիլիջանի ազգային պարկից հայտնեցին, որ փետրվարի 28-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաները ժամանել  են Դիլիջանի ազգային պարկ, եւ Ռոբերտ Ալիխանյանը նրանց հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս