ՀԱՐԿԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված եւ կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու հանցավոր մեխանիզմի մի շարք էական հանգամանքներ։

 

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված վարութային եւ ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա.-ն, «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ.Ա. -ի եւ գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով 2019-2023 թթ. ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։  Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու եւ միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ. ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ եւ վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ եւ միջոցներ: Մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առեւտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի եւ էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցից առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են  արտաքին (առեւտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Արդյունքում 2019-2023 թթ. ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից  հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետեւանքով չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ եւ 1.921.752.578 ՀՀ դրամ շահութահարկ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ի, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ի, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։ Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունավում է։

 

 

 

 

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԿԱՄՐԱՑՎԻ

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ, բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվեն համապատասխան սարքեր:

 

««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ. դրանցից մեկը անհետաձգելի միջամտության որոշումներն են, երկրորդը՝ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումները: Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողի կողմից համապատասխան որոշում է կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառվում է դատական կարգով:

«Նախագծով առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետեւ միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ հատկապես ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում, եթե կիրառվել է անհետաձգելի միջամտության կամ պաշտպանության մասին որոշում, այս դեպքում շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ: Սա պրակտիկորեն ենթադրում է, որ բռնարարի, նաեւ զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսի փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացրել են Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Իսպանիան: Շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե դա ինչպես է աշխատելու, ոստիկանության աշխատողներն ինչպես են ստանալու ահազանգը: Փոխնախարարն ասաց, որ բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կամրացվի, բռնության զոհի մոտ եւս համապատասխան սարք կտեղադրվի, որպեսզի մոտենալու դեպքում հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:

Էլեկտրոնային հսկողության սարքը չի կիրառվի հենց առաջին խախտման դեպքում: Դա կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, այսինքն՝ խոսքը կրկնակի խախտման մասին է: Ընտանիքում բռնության գործադրման հետ կապված 2022 թվականին ստացվել է 1547 հաղորդում:

 

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Նոր համաձայնագիրը կխթանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

«Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը՝ ներառյալ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղություններով»,- ասաց Մանթաշյանը:

Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ:

Մասնավորապես, կողմերը համագործակցություն են իրականացնում հետեւյալ հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական եւ այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու եւ հետաքննելու նպատակով, տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում եւ այլն:

Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Անվտանգության խորհուրդների միջեւ:

 




Լրահոս