ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲԱՑԵԼ ՄԻՋԱՆՑՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում ստեղծված իրավիճակի եւ Լաչինի միջանցքի բացման շուրջ տարվող բանակցությունների վերաբերյալ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ:

 

-Պարո՛ն Ասլանյան, տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ Լաչինի միջանցքն առաջիկայում բացվելու է, փոխարենը՝ անցակետեր են տեղադրվելու ճանապարհի այդ հատվածում: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները իրականությանը:

-Լաչինի միջանցքը պետք է բացվի, որովհետեւ Ադրբեջանն ուղղակիորեն չի կարող չբացել. եթե Ադրբեջանը շարունակի մնալ 20-րդ դարի մտածողության մեջ, ապա ամբողջ աշխարհի հետ պրոբլեմներ կունենա: Այսօրվա իրավիճակը 100 տարի առաջվա իրավիճակը չէ, որ մարդիկ ինչ ցանկանան, անեն, ու դա ծածկված մնա. ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզվում է: Ակնհայտ է, որ միջանցքի բացման համար Ադրբեջանը պրեսինգի տակ է, այս բանակցությունները գալիս են ապացուցելու, որ, ուզի-չուզի, Ադրբեջանը պետք է բացի ճանապարհը: Ինչ վերաբերում է անցակետի տեղադրմանը, դա դեռ հարց է, քանի որ Հաագայի դատարանի որոշման մեջ չկա, որ Ադրբեջանը պետք է բացի միջանցքը, դրա փոխարեն իրավունք ունի անցակետ տեղադրել: Այնտեղ պարզ ասվում է միայն, որ պարտավոր է բացել ճանապարհը, իսկ թե ոնց կփորձի մանիպուլացնել այս ամենը, դա դեռ ապագայի հարց է:

-Պարո՛ն Ասլանյան, ձեր քաղաքական թիմի հասցեին հնչող հիմնական մեղադրանքը հանրության եւ ընդդիմադիրների կողմից, այն է, որ ձեռքերը լվացել են Արցախից, բավարար ջանքեր չեք գործադրում միջանցքի բացման համար. ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքներին, Դուք բավարար գնահատո՞ւմ եք այս ուղղությամբ տարվող աշխատանքը:

-Մի կողմից՝ ասում են, որ Լաչինի միջանցքը բացվելու է, մյուս կողմից՝ ասում են՝ իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում; Բա եթե ոչինչ չի ձեռնարկվում, ինչպե՞ս է ստացվում, որ բացվում է ճանապարհը: Միջազգային հանրությունը կամ Հաագայի դատարանը հենց այնպես ելավ քնից ու որոշեց նման վճիռ կայացնե՞լ: Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում տեսնել, թե ինչ մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանի բողոքը՝ ընդդեմ Ադրբեջանի, քննվի այդ բարձր ինստիտուտում: Ի վերջո, հայանպաստ որոշում է կայացվել. ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունները ոչինչ չեն անում: Հստակ, քայլ առ քայլ մաքրվում է կեղծիքի դաշտը, եւ ամեն մարդու երեսը երեւում է, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի:

-Ձեր թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը չպետք է խառնվի բանակցություններում, Ստեփանակերտը եւ Բաքուն առանձին պետք է բանակցեն. կիսո՞ւմ եք նրանց այս տեսակետը:

-Մենք հիմա գալիս ենք նրան, որ միջազգային հանրությունը մեր պահանջների մեջ չի տեսնում Ադրբեջանի տարածք գրավելու գաղափար: Հայաստանը հարց է բարձրացնում՝ Արցախում ապրում է շուրջ 120.000 հայություն, որն իրավունք ունի միջազգային օրենքներով ազատ եւ ապահով կյանք ունենալ: Այդ ժողովուրդը հիմա ոտքի է կանգնել եւ ուզում է պաշտպանվել, անկախ ու անվտանգ ապրել: Մյուս մանիպուլյացիաները թող մի կողմ դնեն: Արցախը եւ Արցախի ժողովուրդը պետք է պայքարեն, իսկ մենք բոլոր հարցերում Արցախի ժողովրդի կողքին ենք՝ անկախ այն ամենից, ինչ կխոսեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆ

Այս օրերին իշխանության վերնախավում բուռն կերպով քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցը: Ավելին՝ իշխանական վերնախավում արդեն հստակ որոշված է, որ նախարար Սուրեն Պապիկյանը հեռանալու է պաշտոնից:

 

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սուրեն Պապիկյանի հեռանալ-չհեռանալու հարցը բուռն կերպով քննարկվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Այս հարցում խմբակցության եւ կուսակցության ներսում կարծիքները տարբեր են, եւ ՔՊ-ականներից ոչ բոլորն են կողմնակից, որ Սուրեն Պապիկյանը լքի իր պաշտոնը, սակայն բոլորն էլ հասկանում են, որ դա անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի:

Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում Սուրեն Պապիկյանին ներել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրություններ կազմակերպելու համար: Ավելին՝ հենց Պապիկյանին է նա համարում այդ ընտրությունների գլխավոր մեղավորը: Ինչպես հայտնի է, ՔՊ ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքերը սխալ էին հաշվարկվել, եւ ստացված դիմումի հիման վրա՝ իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում ընդգրկվել էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Եվ, ահա, այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չի ցանկացել շփվել Սուրեն Պապիկյանի հետ: Այս ընթացքում կուսակցությունը նախարարի  փնտրտուքների մեջ է: Թե այս ամենը ինչ ելք կունենա, դեռեւս ոչ ոք չի կարող ասել. փաստ է, որ ամիսներ է՝ Փաշինյան-Պապիկյան երբեմնի ամենամտերիմ, ամենաջերմ փոխհարաբերություններն արդեն չկան:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՈՒՆԵՆԱ ՏԵՂԱԿԱԼ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսուհետ կունենա նաեւ տեղակալ: Մասնավորապես, հանձնաժողովն առաջարկում է փոփոխություն կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի օրենքում եւ ամրագրել այդ դրույթը:

ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, թե այս օրենքում խնդրահարույց կետեր կան:  Օրինակ՝ օրենքում չկա հնարավորություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին փոխարինելու մասին: Ամրագրված է, որ հանձնաժողովի նախագահն իր իրավասության սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Ազգային ժողովի, Կառավարության, կոմիտեի նիստերին կամ այլ աշխատանքին քննարկումներին։ Նման պայմաններում վերջինիս արձակուրդի կամ գործուղման դեպքում անհնար է դառնում տվյալ նիստերին կամ քննարկումներին մասնակցությունը հանձնաժողովի նախագահին ժամանակավոր փոխարինող այլ անդամի կողմից։

Օրենքի գործող կարգավորումներով՝ հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու իրավասությունն իրականացվում է որպես օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների շրջանակում։ Անհրաժեշտություն է առաջացել ուղղակիորեն նախատեսել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու առանձին հիմքը։

 

 

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ՀՀ լավագույն դատավորներից Ա. Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ արձանագրեց, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները եւ իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար եւ պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։

«Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Նաեւ չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը եւ, ի վերջո, փակել իր համար խոցելի թեման (քանի որ մեր հասարակության հիշողության աստիճանը լավ են «չափել»), իսկ անկախ դատավորին, տաղանդավոր իրավաբանին դարձնել ԲԴԽ կոչված՝ իրավունքի, իրավաբանության կառափնարանի հերթական թիրախ»,- հայտնեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

 

 




Լրահոս