ՇՈՒՐՋ 4,8 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:

 

Մասնավորապես, պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016 թվականի տարբեր ամիսներին իր մորաքրոջ տղային եւ դպրոցի հաշվապահ Մ. Ս.-ի բարեկամին նշանակել է համապատասխանաբար դպրոցի պահակի եւ հավաքարարի հաստիքներին: Վերջիններս, սակայն, երբեւէ դպրոցում աշխատանքի չեն ներկայացել եւ աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չայած այդ հանգամանքին՝ 2016-2020 թվականների ընթացքում հաշվարկվել եւ հիշյալ անձանց վճարվել է ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարներ, որոնք տնօրեն Ա. Հ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաշվապահ Մ. Ս.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ տնօրեն Ա. Հ.-ն հավաքարարի եւ պահակի հաստիքներին հրամանագրված հիշյալ անձանց կողմից աշխատանքի չներկայանալու, ինչպես նաեւ վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու հանգամանքները քողարկելու անձնական դրդումներով հաշվապահ Մ. Ս.-ի հետ կատարել են պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ իրենց ստորագրությամբ յուրաքանչյուր ամիս հաստատել են դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ցուցակները, որոնցում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, նշված անձինք հաճախել են աշխատանքի, եւ նրանց անվամբ հաշվարկվել է ամսական աշխատավարձ։

Վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է ՓՈԽԱՆՑԵԼ

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով «Սեւ լիճ» կոչվող հատվածում մեկ այլ զինծառայող Ա.Տ.-ի հետ միասին «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել եւ տեղափոխվել է Բաքու. այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 7-ը գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան եւ 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է կոմունալ շահագործման ծառայության պետ ՊՆ N զորամասում: Պաշտոնավարման ընթացքում Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար: 2023 թվականի փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ 2023 թվականի մարտի 6-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

Ի՞ՆՉՆ Է ԵՂԵԼ ՊԱՏՃԱՌԸ

Մարտի 4-ին արտակերգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20:10-ին Երեւանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել դանակահարված մի քաղաքացու, որը մարտի 5-ին հիվանդանոցում մահացել էր: Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյանն էր:

Ըստ shamshyan.com-ի՝ կասկածյալը Երեւանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանն է: Իսկ ի՞նչն էր եղել դանակահարության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մահացածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյանը, հունվարի 31-ին իրավապահներին բողոք է ներկայացրած եղել Երեւանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանի դեմ, որը իրավապահները ընդունել են վարույթ: Անցել է մի քանի ամիս, եւ Էրիկ Շահնազարյանը, հանդիպելով Թաթուլ Մարգարյանին, պահանջել է բողոքը հետ վերցնել. ստանալով մերժում՝ դանակով հարվածել եւ կյանքից զրկել է Թաթուլ Մարգարյանին: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՎՐԱԵՐԹ

2023թ.-ի մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարեւանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ թողնելով անօգնական վիճակում: Նույն օրը ստացվել է նաեւ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ եւ ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը: 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի եւ գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով եւ ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար, եւ, որպես պատիժ, նշանակվել է տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձեւով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 




Լրահոս