ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իրավական հիմքերին՝ նշելով, որ այդ մասին համապատասխան որոշումը նախապես ուղարկվել է նաև բուհ:

«Կառավարության համար՝ որպես բուհի հիմնադրի, առաջնային պարտավորություն է գործադրել բոլոր ջանքերը՝ բուհի բնականոն աշխատանքը և կրթական ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար, որն ամենակարևորն է: Սա է մեր գերխնդիրը: Կարծում եմ՝ դրանում համոզվել եք դեռևս հունվարի վերջին, երբ ունեինք իրավական փակուղի. թե՛ բուհի կանոնադրության և թե՛ որևէ այլ իրավական ակտում չկար կարգավորում, որն այդ պահին թույլ կտար լուծելու բուհի անխափան գործունեության, աշխատավարձերի վճարման և այլնի հետ կապված մի շարք հրատապ հարցեր: Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրեց կանոնադրության փոփոխություն, որը թույլ տվեց կանոնադրության ուժով ռեկտորի պարտականությունների կատարումը պատվիրակել բուհի պաշտոնատար անձին, ինչի արդյունքում այս ընթացքում կազմակերպվեց բուհի գործունեությունը»,- նշել է նախարարը:

Համաձայն հիմնադրամների մասին օրենքի՝ 2-ամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով, որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում և այլն: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը:

«Հենց այս նպատակով է ձևավորվել ժամանակավոր խորհուրդ»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ սա չի սահմանափակում բուհական ինքնավարությունը:

ԿԳՄՍ նախարարը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Դավիթ Գյուրջինյանը կկարողանա ամբողջացնել բուհի ներսում ակադեմիական մթնոլորտի, կրթության որակի, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ջանքերը:

«Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է կառուցողական բոլոր քննարկումների համար:

Նշվում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես սկզբունքային, ճիշտ աշխատանքի կողմնակիցն եմ՝ ակադեմիական պատշաճ միջավայրի ապահովման համար: Կուզեի, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքն անխաթար լիներ: Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Կարևորում եմ նաև ուսանողներին այս գործընթացները ճիշտ բացատրելու անհրաժեշտությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հարցերին՝ անդրադառնալով բուհական ոլորտում նախանշված բարեփոխումներին, դրանց առնչությամբ շրջանառվող թյուրընկալումներին և շահարկումներին:

Նախարարն ընդգծել է, որ բուհերի միավորման և խոշորացման ծրագիրը նախատեսված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» և վերաբերում է բուհական ողջ համակարգին: Նախատեսվող միջոցառումները միտված են բուհերի մրցունակության բարձրացմանը՝ միջազգային վարկանշային սանդղակներում տեղ գտնելու նպատակով:




Լրահոս