Փոփոխություններ՝ կուսակցությունների կողմից հաշվետվություն ներկայացնելու կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել և առաջարկում է փոփոխություններ կատարել Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում: Նախ նշենք, որ գործող կարգավորումներով կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, իսկ հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Հանձնաժողով:

Սակայն 2021 թվականի տարեկան հաշվետվությունների հրապարակման փաստը ստուգելիս Հանձնաժողովը պարզել է, որ կան կուսակցությունների տարեկան հաշվետվություններ, որոնք ներկայացվել և հրապարակվել են անձնական տվյալներով, ուստի նախագծով առաջարկվում է, որ  կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնեն Հանձնաժողով, իսկ վերջինս էլ ապահովի իր պաշտոնական կայքում դրանց հրապարակումը՝ բացառելով անձնական տվյալների հրապարակումը:

Նման կարգավորումը լուծում է առաջացած խնդիրները, այդ թվում՝ ազատում կուսակցություններին նույն տարեկան հաշվետվությունը 2 տարբեր մարմինների  ներկայացնելու հավելյալ պարտականությունից, միաժամանակ, առաջիկայում հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային  նոր համակարգում նախատեսվում է ապահովել նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման բաժին, ուստի նպատակահարմար է տարեկան հաշվետվությունների ներկայացման և հրապարակման համար կիրառել հենց Հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Ն.Հ.




Լրահոս