ԿԼԻՆԻԿԱՅԻ ՏՆՕՐԵՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լ.Հ.-ն։ Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

 

«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը։ Նշենք, որ կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։ Տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն։ Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների՝ ներառյալ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության եւ տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։ Սակայն կալանավորված Բ. Շ.-ի կազմակերպմամբ՝ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե, իբր, հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետեւ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաեւ պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաեւ նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի եւ խմբի անդամների նկատմամբ, որի հետեւանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ եւ չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:

 

 

 

«ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երեւան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երեւանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ. տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։

«Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ՀՀ քաղաք Երեւան, Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երեւանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարոս Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 ստորաբաժանումում՝ որպես պահեստազորային, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ. մարտի 10-ի որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելուց, 2022 թվականի մայիսի 10-ին չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, խուսափել է 2022 թվականի մայիսի 10-ից մինչեւ մայիսի 19-ը անցկացվող վարժական հավաքներից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թեւի եւ թիկունքի շրջանում ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Վարդան Վարդանյանը:

Հիվանդանոցի ահազանգով ոստիկանները շտապել են դեպքի վայր ու պարզել, որ «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի դիմացի հատվածում վիճաբանության ժամանակ Վ. Վարդանյանին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել ոմն Գեղամը:

Հանգամանքները պարզվում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ վարութային գործողությունների, այդ թվում՝ նաեւ առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը չի ենթարկվել պաշտոնատար անձինք հանդիսացող, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին՝ այդկերպ միջամտելով վերջիններիս ծառայողական գործունեությանը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները՝ վարել է մեքենան եւ հեռացել նշված վայրից։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է, եւ երեկ՝ մարտի 14-ին, վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։




Լրահոս