Գնաճը՝ մեծագույն գլխացավանք ողջ աշխարհում. ինչ պատկեր է Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը՝ մինչեւ տարեկան 4,75-5%:

Դրամավարկային քաղաքականության որոշակի լրացուցիչ խստացումը կարող է նպաստել գնաճի թիրախային ցուցանիշին հասնելու համար:

Fed-ը կարծում է, որ ԱՄՆ բանկային համակարգը մնում է ամուր և կայուն: JPMorgan Chase-ը, Citigroup-ը և Wells Fargo-ն ընդլայնում են իրենց վարկային պորտֆելները SVB-ի սննկանալուց հետո:

Չնայած որ ԵՄ-ի խոշոր բանկերի՝ Credit Suisse-ի, UniCredit-ի, Deutsche bank-ի, Raiffaisen-ի, Sabadel-ի, Santander-ի արժեթղթերը որոշակի անկում ապրեցին, փորձագետների գնահատականներով այն չի հանգեցնի ֆինանսական համակարգային ճգնաժամի: Միջազգային փորձագետները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկելի է, և դոմինոյի էֆեկտ չի լինի՝ հաշվի առնելով, որ կարգավորող մարմինները նմանատիպ իրավիճակներում գործողությունների հստակ ծրագրեր ունեն: Շվեյցարիայի իշխանություններն արդեն իսկ հավանություն են տվել UBS-ի կողմից Credit Suisse-ի ձեռքբերմանը, որի բաժնետոմսերը լուրջ անկում էին ունեցել։

Գնաճը դարձել է մեծագույն գլխացավանք ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում։ Ըստ մասնագետների՝ ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգը շատ ուշ սկսեց բարձրացնել տոկոսադրույքները, ինչը հանգեցրեց չափազանց ագրեսիվ դրամավարկային քաղաքականության իրականացման անհրաժեշտության՝ առանց այն էլ դժվար պատմական ժամանակաշրջանում։

Ի տարբերություն այլ երկրների՝ ՀՀ Կենտրոնական բանկը ժամանակին արձագանքեց տնտեսական իրողություններին և, Հայաստանում գնաճային ճնշումները թուլացնելու նպատակով, ավելի վաղ սկսեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նախորդ տարվա դեկտեմբերին հասցնելով այն 10․75%։ Կենտրոնական բանկի հավասարակշռված և, ինչպես ցույց տվեց փորձը, արդյունավետ դրամավարկային քաղաքականության արդյունքում Հայաստանում գնաճն այնքան բարձր չէ, որքան շատ այլ երկրներում: 2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 8.4%: ԿԲ խորհուրդը մարտի 14-ի նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 10.75%, այսինքն՝ «փողի գինը» տնտեսության մեջ չի բարձրանալու։

Չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին՝ 2022 թվականը Հայաստանի համար հաջողակ էր բոլոր ոլորտներում։ Եկեք նայենք վիճակագրությունը.

• երկրի ՀՆԱ-ն զգալիորեն աճել է` 12.6%-ով, կազմելով մեկ շնչի հաշվով մոտ 6,600 ԱՄՆ դոլար,
• բանկային հատվածի շահույթը քառապատկվել է,
• ՏՏ ոլորտը զգալիորեն աճել է մարդկային կապիտալի ներհոսքի շնորհիվ՝ 25%-ով,
• ազգային արժույթն ամրապնդվել է 20%-ով։ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի զգալի ամրապնդումը և տնտեսական բարձր աճը նվազեցրել են Հայաստանի արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը,
• էական աճել է դրամական փոխանցումների ծավալը. 2022 թվականին արտերկրից ստացվել են 5.2 միլիարդ դոլար փոխանցումներ, անցած տարվա նկատմամբ աճելով 146%-ով։
• աճել է ներքին պահանջարկը, առևտրի և ծառայությունների ոլորտը զարգացման հզոր խթան է ստացել:

Տնտեսական աճի տեմպերի ամրապնդմանը մեծապես նպաստեց ապրելու, աշխատելու և բիզնեսով զբաղվելու նպատակով ռելոկանտների հոսքը Հայաստան։ Հայաստան են տեղափոխվում ոչ միայն մասնագետներ, այլ նաև բիզնեսներ, այդ թվում՝ միջազգային ընկերություններ, որոնք գրասենյակներ ունեին Ռուսաստանում։
«2022 թվականն աննախադեպ տարի է դարձել նաև Հայաստանի բանկային համակարգի համար. բանկերի զուտ շահույթն աճել է չորս անգամ՝ կազմելով 263 մլրդ դրամ։ Շահույթի զգալի աճը պայմանավորված է Հայաստանի բանկերով իրականացվող առևտրային գործառնությունների մեծ ծավալով», – մեզ հետ զրույցում մեկնաբանեց Յունիբանկի Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը:

ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 20%-ով, իսկ վարկային ներդրումները՝ 6%-ով: Ռելոկանտների հոսքով պայմանավորված՝ առաջին պլան եկան միջազգային փոխանցումները, արտարժութային և քարտերով գործառնությունները: Համեմատության համար՝ բանկերի տոկոսային եկամուտներն աճել են 15,4%-ով, աճը զգալի է, բայց չափավոր։ Ոչ տոկոսային եկամուտներն աճել են չորս անգամ:

Բանկային համակարգի վարկային պորտֆելը հասել է լուրջ ցուցանիշի՝ մոտ 4 տրլն դրամ, իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ձգտում է 50%:

«Բանկերը բավարարում են տնտեսության իրական հատվածի՝ փոքր և միջին բիզնեսի վարկային միջոցների նկատմամբ պահանջարկն անհրաժեշտ չափով, միևնույն ժամանակ ճիշտ են գնահատում ռիսկերը», – նշեց Սերգեյ Քոչարյանը: Ոչ ռեզիդենտներից երկիր ներհոսած կարճաժամկետ պարտավորությունների դիմաց երկրաժամակետ տեղաբաշխումը պարունակում է ռիսկեր, և բանկերը դա շատ լավ հասկանում և խելամիտ են գործում»:

Բանկերի ակտիվներում ավելանում է արժեթղթերում ներդրումների ծավալը։ Դրանց մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում արդեն ոչ թե 17% է, ինչպես 2021թ., այլ 21%: Այսինքն բանկերը խուսափում են ռիսկային նախագծեր ֆինանսավորելուց և գումարը նախընտրում են ներդնել բարձր իրացվելիություն ունեցող կարճաժամկետ արժեթղթերում:
Ստեղծված իրավիճակը նպաստավոր է կապիտալի կուտակման համար, ուստի բիզնեսի ոլորտը ևս նախընտրում է գումարներն ավանդադրել և ֆինանսական պահուստներ ձևավորել։ Բանկային ավանդների ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 27%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդներինը՝ 26%-ով։

Ամփոփելով 2022 թվականի ցուցանիշները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է և ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ ցանկացած իրավիճակում անխափան աշխատելու համար։ «Առկա են բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ապահովելու համար։ 2022թ.-ին բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 38.8%-ով, կանոնադրական կապիտալը՝ 28.4%-ով», – վստահեցնում է Սերգեյ Քոչարյանը:

Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը դեկտեմբերի վերջին կազմել է 28,6%՝ նվազագույն նորմատիվը 9% լինելու դեպքում: Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը կազմել է ավելի քան 37%՝ 15% նվազագույն նորմատիվի դեպքում:

Մանե Ասրյան 




Լրահոս