ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 եւ 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ եւ բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման եւ աշխատանքային գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունք:
Այսպիսով, արձանագրվել է, որ ԱՆ պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման եւ վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թթ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր եւ դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մասնավորապես.
- «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
- ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
- «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ:
- «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը եւ կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքը լուծելու համար:
- «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաեւ կազմվել է ժամանակացույց արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:
- «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով:
Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում եւ բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու եւ հետագայում բացառելու նպատակով ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաեւ ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում եւ պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձեւաչափով:
ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍԵԼ
Վրաստանի իշխանությունը տարիներ շարունակ Դեբեդ գետի ձախ՝ վրացական ափը ամրացրել է՝ ափից քիչ հեռու տեղադրելով բազալտե մեծ ժայռաբեկորներ, իսկ գետի անմիջական ափին՝ մեծ քանակությամբ փոքր քարակտորներ։ Ապրիլ ամսին սարերի ձյունը հալվում է, Դեբեդ գետը վարարում է. այն, հանդիպելով ամրացված վրացական ափին, մղվում է դեպի աջ՝ անպաշտպան հայկական ափը՝ քշել-տանելով հողատարածքներ։ 2010թ. գարնանը Դեբեդը Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը Դեբեդավանի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր։ Մոտ 10 տարի առաջ սահմանագծման հարցերով հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, այդքան չափով Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրացել է։ Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում՝ Դեբեդավանի ներքին մասում, հողից ու քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը: Տարիների ընթացքում այն մաշվել է, մի մասն է պահպանվել։ Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետեւանքով պատնեշն ամբողջությամբ գտնվում է Վրաստանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։ 2019 թվականին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար (այժմ՝ նախկին) Վաղինակ Սարգսյանը այցելեց հայ-վրացական սահմանի վերոհիշյալ հատված, տեղում ծանոթացավ Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, այն քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ միջոցներ չձեռնարկվեցին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կամ այլ ֆինանսավորմամբ Դեբեդ գետի ափապաշտպան միջոցառումներ նախատեսված են արդյոք։ Մարզպետարանի պատասխանում նշված է, որ 2023 թվականին Դեբեդ գետի ափապաշտպան միջոցառումներ նախատեսված չեն։
ՄԱՐԴ-ՎՏԱՆԳ
Բերդ քաղաքի բազմագործառութային քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը հայտնում է, որ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում՝ Հովք գյուղի տարածքում, մի քանի անգամ իր վարած ավտոմեքենային է մոտեցել չսափրված, անխնամ տեսքով, հոգեկան հիվանդ մի տղամարդ եւ ձեռքի շարժումով սիգարետ խնդրել։ Աննա Ավալյանը հայտնեց, որ մի շաբաթ առաջ նույն տղամարդն անակնկալ կերպով նորից հայտնվել է իր ավտոմեքենայի առաջ, ինքը հրաշքով կարողացել է փրկվել վթարից, ակնթարթորեն հասցրել է մեքենան դուրս հանել մայրուղուց, այլապես այդ տղամարդը վթարի զոհ էր դառնալու։ Տավուշի մարզի վարորդները հայտնում են, որ այդ տղամարդը, տարիներ շարունակ անակնկալ հայտնվելով երթեւեկող ավտմեքենաների առաջ, վարորդներից ծխախոտ է խնդրում՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Վարորդները նշում են, որ այդ խնդիրը վաղուց կա, ոստիկանությունը այդ կապակցությամբ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «Անիվ» հիմնադրամը սկսել է համագործակցությունը «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ: Համագործակցության շրջանակում «Անիվ» հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի մասնագետներին: Այդպիսով, նշված ոլորտների մասնագետները կարող են մասնակցել «Մատենա»-ի ուսումնական ծրագրերին՝ վճարելով վարձի ընդամենը 7%-ը. 93%-ը կտրամադրի «Անիվ» հիմնադրամը՝ որպես կրթաթոշակ:
Կրթաթոշակների համար կարելի է դիմել մայիսին մեկնարկող «Թիմերի եւ մարդկանց առաջնորդում» եւ «Ռազմավարական պլանավորում եւ բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար: Կրթաթոշակի տրամադրման մասին որոշումը կկայացնի «Մատենա» բիզնես դպրոցի եւ «Անիվ» հիմնադրամի համատեղ հանձնաժողովը՝ հիմք ընդունելով դիմորդի մոտիվացիոն նամակը եւ բանավոր զրույցը:
«Կարեւորելով առաջնորդների դերը համակարգերի զարգացման գործում, ինչպես նաեւ գնահատելով այդ նպատակին ուղղված մեր բարձրակարգ կրթական ծրագրերը՝ «Անիվ» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց տրամադրել կրթաթոշակներ մեր լավագույն դիմորդներին: Շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի ղեկավարությանը՝ մեզ վստահելու եւ Հայաստանում որակյալ կրթությունը հասանելի դարձնելու կարեւորագույն առաքելությանը միանալու համար»,- նշեց «Մատենա» դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
«Մենք հասկանում ենք, թե ժամանակակից աշխարհում որքան կարեւոր է առաջատար գիտելիքների մատչելիությունը: Բարձր որակավորում ունեցող կադրերի նախապատրաստումը ցանկացած երկրի մրցունակության եւ զարգացման հիմքն է: Մեր ֆինանսական աջակցությունը նոր հնարավորություններ է բացում մասնագետների առաջ, որոնք ձգտում են ստանալ որակյալ կրթություն եւ բացահայտել իրենց ներուժը»,- ասում է «Անիվ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտեմ Կոնստանդյանը։
«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին եւ բարձր օղակների ղեկավարների համար, որոնք ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական եւ առաջնորդային հմտությունները: Կրթության ձեւաչափը հնարավորություն է տալիս, համագործակցելով համաշխարհային հեղինակավոր հաստատությունների հետ, համադրել տեղական եւ միջազգային փորձը, ներգրավել Հայաստանի եւ արտերկրի փորձագետներին: Ծրագրերի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ունեն ղեկավար աշխատանքի եւ դասավանդման բազմամյա փորձ: