Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Այդ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները:
2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Խոշորացումից հետո համայնքների ՏԻՄ-երին փոխանցվելու են նոր լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը պարտավոր է սահմանել ֆինանսական եկամուտների աղբյուրներ: Այդ ֆինանսական եկամուտների աղբյուր կարող է հանդիսանալ նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող հողերի մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներից՝ համայնքներին 30 տոկոսի չափով փոխանցումները:
Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Օրենքների կիրարկման ընթացքում պետական բյուջեում եկամուտները կնվազեն, նույնքանով համայնքների բյուջեների եկամուտները կավելանան:
Ն.Հ.