«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մարտի 30-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքում տեղի ունեցած գործընթացներից եւ հայտարարեց, որ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- հայտարարել էր Փաշինյանը:
Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին: Մասնավորապես, հայտարարության մեջ դրույթ կար, որ սահմանի որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ: ԱԱԾ-ն նշել է, որ, հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Ստացվում է, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, խոսեց դիրքային փոփոխության մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը փորձում էր հերքել: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն էլի խաբել է:
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում