ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։

 

Հայաստանի մասին լայնածավալ զեկույց է ներկայացված, որում անդրադարձ կա մարդու իրավունքների, խոսքի, հավաքների ազատության իրավունքների մասին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ, սահմանափակվել է արտահայտման ազատությունը. հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։

Ըստ այդմ՝ Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի եւ անհամաչափ արձագանքի պատճառով։ Խոսքը ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցույցերի մասին են, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Ամենասուր բախումներից մեկը հունիսի երեքին էր, որի ժամանակ ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ եւ կիրառել չափից ավելի ուժ։ Զեկույցում նշվում է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

Ընդ որում՝ մինչեւ նախորդ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար: Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։  Զեկույցի հեղինակները, ավելի ընդարձակելով վերոհիշյալ հիմնական կետերը, շարունակում են, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգային իրավիճակը մնացել է լարված՝ հաճախակի փոխհրաձգություններով։ Ադրբեջանի հրետակոծությունները հարվածներ են հասցրել Հայաստանի բուն տարածքին՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերին, ինչի հետեւանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ։

Հոկտեմբերին Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով Եվրամիության մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ռուսների լայնածավալ արտահոսքը Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը, բայց այն նաեւ նպաստել է վարձակալության գների եւ, ընդհանուր առմամբ, ապրուստի արժեքի բարձրացմանը։ Մարտ ամսին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել աշխատանքի անվտանգության եւ առողջության բարելավման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված անբավարար միջոցների, աշխատանքի անվտանգության եւ առողջության մասին հստակ սահմանված քաղաքականության բացակայության եւ բոլոր աշխատողների եւ նրանց խնամառուների համար սոցիալական ապահովության երաշխավորումը ձախողելու վերաբերյալ։ Ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում եւ դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների ու միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Չինական Zhongtong մակնիշի ավտոբուսների ձեռք բերման գործով, որի շուրջ նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

 

Չինական Zhongtong Bus ընկերությունից ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ էր անցկացրել դեռ 2021թ.։ Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր։ Հայտարարվել էր նոր մրցույթ, որը կրկին նույն հաղթողն էր ունեցել։ Հատկանշական է, որ երկու պայմանագրերը ունեցել են գրեթե նույն բովանդակությունը եւ ավտոբուսների նույն տեխբնութագրերը։ Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երեւանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։ «Հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգեւատրումը» չկազմակերպեին։ Այդ «պարգեւատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021թ. յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022թ., երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետեւանքով եւ նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինը ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։ Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։ Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին։ Ներկայումս գործի նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր կալանավորումների ականատես լինենք։

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԼԻՆԻ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

«Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը»։

Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը։

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին եւ ապրիլի 7-ին` ժամը 11:00-ին:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:

Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա ապրիլի 5-ին` ժամը 10:00-ին:

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը:

Որոշման մեջ ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» N 1392-Լ որոշումը»:

 




Լրահոս