ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ: Բնականաբար, այս ամենն առանց հրահանգի չի եղել. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրահանգել այս ամենն առանց հետեւանք չթողնել եւ ընթացք տալ, իսկ ոստիկանությանն էլ դիմելու կոչ է արել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նկատենք, որ նախկինում, երբ իշխանական պատգամավորներն էին հարվածում ընդդիմադիրներին ու դառնում միջադեպի պատճառ, այդ քրեական գործերն արագ կարճվում էին: Խոսենք փաստերով.  2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական խմբակցության պատգամավորների եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Վիճաբանության մասնակիցներն էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, սակայն այս ամենի արդյունքում իրավապահների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Մեկ այլ դրվագ. տեսանյութերը կան, որտեղ երեւում է, թե ինչպես է 2021 թվականի օգոստոսի 5-ին Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա ոտքով հարվածում։ Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաեւ իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետեւանքով վնասվածքներ էին ստացել նաեւ Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը: Ամենաթարմ օրինակը. մարտի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանի ու Թադեւոս Ավետիսյանի միջեւ, եւ այս անգամ իշխանական պատգամավորն էր առաջինը վեր կացել, սակայն բանը ծեծկռտուքի չէր հասել:

Ստացվում է՝ պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական իշխանական հանձնաժողովն ապրիլին հերթական նիստն է անելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չի բացառվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին կրկին հրավիրեն հանձնաժողով: Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին, ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ-ն բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։ ՔՊ-ականներն Օնիկ Գասպարյանին որեւէ քաղաքական հարց չէին տվել, փոխարենը բերանները ջուր առած 5 ժամ լսել էին Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել էին որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված՝ ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում, եւ այլն: Հավանաբար, Օնիկ Գասպարյանի պատասխանները դուր են եկել ՔՊ-ականներին, եւ որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով, լսել շարունակությունը:

 

 

 

 

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ, սկսել են մանդատից զրկելու գործընթաց ու մեղադրանքն Ազգային ժողովում արդեն կառուցել են: ՔՊ-ականները միաձայն որոշել են, որ բոլորը իրավապահներին պետք է պատմեն նույն սցենարը: Համաձայն իշխանական սցենարի՝ Մհեր Սահակյանը եկել եւ հանձնաժողովի նիստին նստել է Վլադիմիր Վարդանյանի մոտ գտնվող աթոռին, մինչդեռ նախկինում նստում էր դռան մոտ՝ անկյունում: Նշվում է, որ երեկվա նիստի ժամանակ Մհեր Սահակյանն ավելի ակտիվ է եղել, տեղից ռեպլիկներ է արել ՔՊ-ական պատգամավորների խոսքերի ժամանակ: Այս ամենից հետո, իբրեւ թե, անակնկալ կերպով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վիճաբանություն այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, որին հետեւել են ընդդիմադիր պատգամավորի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»: Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»:  Սա եղել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խոսել է  Հռոմի ստատուտի ու Վլադիմիր Պուտինին կալանավորելու թեմայից։ Վարդանյանը տեղից վեր է թռել կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։ Չնայած այս ամենին՝ ՔՊ-ն արդեն կայացրել է վճիռ Մհեր Սահակյանի մասով. ցուցմունքներ կտրվեն, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետեւից:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը  շունչը  պահած սպասում է ապրիլի 7-ին, որպեսզի  այդ օրը ընտրեն ԲԴԽ անդամ: Դատական համակարգում   խոսակցություններ  են առկա, որ եթե  քաղաքական իշխանությունը դատավորներին  ընտրություններից առաջ չհիշեցնի  իրենց արած գործերը կամ անցյալը, ապա դատավորները  առանց  կաշկանդվածության ձայնը  կտան Արշակ  Վարդանյանին, իսկ  եթե  ոչ, ապա դատավորների  առաջ  իրենց անցյալը  դնելով՝  կընտրեն  իշխանության  ցանկալի  թեկնածու  Ռուբիկ  Մխիթարյանին: Նշենք,  որ  բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը եւ իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը: Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որը աչքի է ընկել իր համարձակ որոշումներով: Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը եւս իր թեկնածությունը առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար:  Ասել է թե՝ դատական համակարգը երկու քարի արանքում է՝ կա՛մ դեմ պետք է գնա ԲԴԽ-ին եւ ընտրի դատավոր Արշակ Վարդանյանին, կա՛մ ԲԴԽ-ին հաճոյանալու համար ձայնը տա Ռուբիկ Մխիթարյանին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դատական համակարգում:

 

 




Լրահոս