Մեր սահմաններն այն աստիճանի թափանցիկ են դարձել, որ ով չի ալարում, կարող է մտնել, կիլոմետրերով առաջ գալ: Սա խոսում է այն մասին, որ մեր անվտանգությունը, սահմանների անձեռնամխելիության կոնտեքստում հատկապես, բարձիթողի վիճակում է:
ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ նախկին վարչապետ, Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներթափանցմանը:
«Ամենազարմանալին այն է, որ իրավապահները և ԱԱԾ-ն փնտրում էին դիվերսանտներին, բայց քաղաքացիներն են ի վերջո գտնում նրանց, վնասազերծում և հանձնում իրավապահներին, սա իրողություն է »,-արձանագրում է զրուցակիցը:
Խոսրով Հարությունյանն այս միջադեպը դիտարկում է որպես Նախիջևանի կողմից Հայաստանի վրա ճնշումները բարձրացնելու առաջին փորձ. «Համոզված եմ, որ առաջիկայում Նախիջևանի կողմից ականատես կլինենք մեծ ճնշումների, սա Ալիևի կողմից վարվող սողացող ագրեսիայի քաղաքականության վեջ է տեղավորվում »,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան