Պետք չէ ոչ մեկին «ֆռռացնել», պետք է նստել ու բաց տեքստով խոսել կողմերի հետ. Խոսրով Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների այն պնդումները, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդիրը լոկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների խնդիրն է, կամ ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտն է, հիմնավոր չեն: Բոլոր այն հայտարարությունները՝ թե դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, կամ Արցախն ու Ադրբեջանը թող իրար հետ բանակցեն, սրանք ընդամենը խնդրից խուսափելու հնարքներ են մեր իշխանությունների համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ընգծում է՝ Արցախի միջանցքի կարգավիճակը ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այդ հայտարարության տակ կա նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, սա նշանակում է, որ հայտարարությունը ստորագրող բոլոր կողմերը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, ստանձնել են հայտարարությամբ ամրագրված բոլոր կետերի իրականացման պատասխանատվությունը, ուստի բոլորի հետ հավասար նա ևս պարտավորություններ ունի:

«Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ այդ եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասում հստակ գրված է, որ կողմերի համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է մշակվի Լաչինի միջանցքին ալտերնատիվ միջանցքի կառուցման պլան, այսինքն՝ գործող միջանցքին ալտերնատիվ միջանցք կառուցելու ճանապարհային քարտեզ պետք է կազմվեր: Այն, որ շատերը դիտում են Լաչինի միջանցքը որպես ճանապարհ, դա սխալ է: Միջանցքը կրիտիկական ենթակառուցվածքների համախումբն է՝ դա և՛ ճանապարհ է՝ մարդկանց և բեռների անարգել տեղափոխումը երաշխավորող, և՛ գազատարն է՝ Արցախին անարգել գազ ապահովելու համար և կապի մալուխն է: Այսինքն՝ միջանցք ասելով պետք է հասկանանք այնպիսի ենթակառուցվածքների համախումբ, որոնց միջոցով երաշխավորվում է Արցախի բնականոն կենսագործունեությունը, այնքան ժամանակ մինչև Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի: Այս պահին կողմերից որևէ մեկի մոտ այս մոտեցումը չկա, այն մոտեցումը, որին մենք հիմա ականատես ենք, դա բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից:

Հիմա բոլոր կողմերը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ առավելևս Ադրբեջանն օգտվում են ստեղծված խառնաշփոթից, և ամեն մեկը փորձում է դիվեդենտներ քաղել:

ՀՀ նախկին վարչապետը կարծում է, որ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է հասնել նրան, որ նախ Բերձորի միջանցքի հետ կապված բանակցային գործընթաց սկսվի, իսկ այդ բանակցությունները պետք է սկսվեն հետևյալ կոնցեպտով՝ հայկական կողմը պետք է ներկայացնի Բերձորի միջանցքի ֆունկցիոնալ նշանակության իր մեկնաբանությունները և պահանջ ներկայացնի կողմերին՝ հետևել եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասի կատարմանը: Ըստ նրա՝ այս դեպքում արդեն բանակցություններին կարող են մասնակցել նաև Արցախը և Արցախի իշխանությունները, բայց քանի դեռ եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերի մոտ Բերձորի միջանցքի ֆունկցոնալ կարևորությունն ընկալված չէ, խեղված է, այն դիտարկվում է որպես ճանապարհ, այս դեպքում խնդիրը չի լուծվի.

«Երբ խոսում են ապաշրջափակման մասին, ասում են՝ հնարավորություն տանք մարդիկ անարգել տեղաշարժվեն կամ բեռները տեղափոխվեն, լավ, ենթադրենք, հիմա թույլ տվեցին, բայց մի շաբաթ հետո նորից փակեցին, ի՞նչ պետք է անեք, ինչո՞ւ եք բանակցում:
Ուրեմն, ապաշրջափակել՝ նշանակում է բանակցային ճանապարհով գալ այնպիսի իրավական, տնտեսական ու քաղաքական լուծումների, որոնք կողմերին զերծ կպահեն սեփական նպատակների համար Արցախի համար նոր պրոբլեմներ ստեղծելուց:

Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է սրան, իհարկե՝ ոչ: Ռուսաստանն էլ, թվում է, թե խնդրի լուծման համար ամենաշահագրգիռ կողմերից պետք է լիներ, քանի որ ստեղծված խնդիրը նաև իր աշխարհաքաղաքական հեղինակությանն է հարվածում, բայց այսօր, հաշվի առնելով Արևմուտքի գլոբալ առճակատումը Ռուսաստանի հետ, ինչպես նաև այն երկաթյա վարագույրը, որը ձևավորվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, Ռուսաստանն այլևս ռազմական, տնտեսական, քաղաքական նկատառումներում այլընրանք չունի, ուստի այժմ Թուրքիայից ու Ադրբեջանից հիմա անհամեմատ շատ է կախված:
Հետևաբար՝ պետք է նստել ու բաց տեքստով խոսել կողմերի հետ, ոչ մեկին պետք չէ «ֆռռացնել» »,-ասում է Խոսրով Հարությունյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս