ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ձեր թերթում Գավառի Եվրոպական ակադեմիային կից քոլեջի մասին տպված պատասխանը մեզ չգոհացրեց, քանի որ այն իրականությանը չի համապատասխանում: Կա կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1760 որոշումը եւ կրթության նախարարի 2007թ. մարտի 9-ի N 137 հրամանը, որտեղ նշվում է ընդունելության կարգը: Այնպես որ, ընդունելության քննությունների մասին խնդիր լինել չի կարող:

Գավառ քաղաքի մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, կա կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1760 որոշում, ըստ որի` քոլեջներն իրավունք ունեն բուհերի երկրորդ կուրս ուղարկել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Կա նաեւ կառավարության այլ որոշում, որով «Եվրոպական քոլեջ» հիմնադրամն իրավունք ունի բուհ ուղարկել համապատասխան քանակությամբ ուսանող: Բացի դրանից, մենք ունենք  Եվրոպական ակադեմիայի հետ պայմանագիր, ըստ որի` մեր բարձր առաջադիմությամբ ուսանողներին երաշխավորությամբ իրավունք ունենք քոլեջից ուղարկել ակադեմիայի երկրորդ կուրս: Այդ բոլոր որոշումներն ընդունելության ժամանակ անկյուններում փակցված են եղել, նաեւ փակցված է եղել, թե որ մասնագիտություններով եւ որտեղ իրավունք ունեն տեղափոխվելու: Այդ փակցված կարգերը եւ օրենքները ծնողները հաստատ կարդացել են, ուղղակի իրենց անտեղյակի պես են պահում, դե դա իրենց խնդիրն է: Մենք ամռանն անընդհատ մեր մասնաճյուղերում ստուգումներ ենք իրականացրել, եւ ոչ մի օրենք, ինչը որ վերաբերում է քոլեջից բուհ տեղափոխվելուն, ոչինչ չի խախտվել: Եթե նույնիսկ որեւէ տնօրեն ճիշտ չի բացատրել, ծնողը հնարավորություն է ունեցել ծանոթանալ օրենքներին, որոնք փակցված են եղել մինչ օգոստոսի 25-ը ներառյալ:

Եվրոպական ակադեմիայի ուսումնական մասի
փոխտնօրեն Վարդան Ավետիքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես եւ նախորդ հրապարակման մեջ էինք ենթադրել, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու: Ստեղծված իրավիճակը հարթելու լավագույն տարբերակը Եվրոպական ակադեմիայի ղեկավարության եւ ուսանողների ծնողների հանդիպումն է, որը հնարավորություն կտա ոչ թե թերթի միջոցով բանավեճ ծավալել, այլ դեմ առ դեմ հանդիպել եւ ընդհանուր հայտարարի գալ: Ամեն դեպքում, կարծում ենք` թե՛ ծնողները, թե՛ բուհի ղեկավարությունը ժամանակին   պետք եղած չափով ուշադրություն չեն դարձրել այս հարցի հետ կապված իրազեկմանը:




Լրահոս