Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Չխաիձեն ասել է, որ բժիշկների համար ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում աշխատել Սաակաշվիլիի հետ, քանի որ բժիշկները հիմնականում ստիպված են աշխատել հոգեբանական մեծ ճնշման տակ:

Նրա խոսքով, կլինիկական առաջընթացի առումով Սաակաշվիլիի մոտ այս օրերին փոփոխություն չկա:

«Ինչ վերաբերում է կրիտիկական վիճակին, ուզում եմ ասել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները բժշկին չեն ընտրում։ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի կլինիկական ընթացքն իրականում չի փոխվել»,- ասել է Չխաիձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։

Ձերբակալման առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել է Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Հարազատների ու փաստաբանների խոսքով՝ Սաակաշվիլին Վրաստանում պատշաճ բուժում չի ստանում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։




Լրահոս