ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Այս նախագիծը ներկայացվել է խորհրդարան, սակայն վերջնական քննարկումից առաջ խորհրդարանական լսումներ են կազմակեպվում: Այս օրենսգրքում ներկայացված են կամավորների իրավունքներն ու պարտականությունները:
Կամավորի իրավունքները
1. Կամավորն իրավունք ունի՝
1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.
2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության՝ կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.
3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում եւ կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով ծախսերի հատուցում.
4) ստանալու վնասի հատուցում.
5) մասնակցելու Կազմակերպության կազմակերպած կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումներին.
6) Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի մասին տեղեկանք կամ երաշխավորագիր՝ Կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.
7) կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով ունենալու կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն.
8) ունենալու սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ իրավունքներ:
Կամավորի պարտականությունները
1. Կամավորը պարտավոր է՝
1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առեւտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկությունները,
2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերաբերալ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,
3) հատուցել սույն հոդվածով սահմանված պարտականությունները կատարելիս՝ իր գործողության կամ անգործության հետեւանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
4) նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած միջոցները,
5) մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումներին՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում,
6) կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:
2. Անձը կամավոր դառնալուց առաջ պարտավոր է՝
1) Կազմակերպության հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,
2) Կազմակերպությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում:
Ն.Հ.