Կիևը փորձ է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ հետ է մղվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Այսօր գիշերը Կիևի վարչակարգը փորձ է կատարել անօդաչու թռչող սարքերով հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի Կրեմլի նստավայրին», – արձանագրել են Կրեմլում։
ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության տվյալներով՝ «երկու անօդաչու թռչող սարքեր նշանառության տակ են վերցրել Կրեմլը»։
«Զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ռադիոտեղորոշման պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ սարքերը դուրս են բերվել շարքից», – ընդգծել են Կրեմլում։
Նշվում է, որ բեկորների ընկնելու հետևանքով Կրեմլի տարածքում տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Կրեմլն այս գործողությունները գնահատում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և մահափորձ Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ Հաղթանակի օրվա նախօրեին։
Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն իր առնչությունը: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին հայտնել է, որ «Կիևի նպատակը գրավված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան»:
Ըստ Reuters-ի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է, որ Կրեմլի վրա հարձակումը ոչինչ չէր փոխի մարտի դաշտում և «կհրահրեր Ռուսաստանին ավելի արմատական գործողությունների դիմել»: