ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։

Միացյալ Նահանգները նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է իրենց անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանք իրավունքները՝ պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետդեպից ընդգծել են, որ Հայաստանին և Ադրբեջանին խնդրել են Վաշինգտոնում ընթացող բանակցությունների շրջանակներում դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

«Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնագրի, որը երկարակյաց է, կայուն և խաղաղության հիմքեր է դնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը կենտրոնական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Ապահովելը, որպեսզի այդ բնակչությունը կարողանա իրեն անվտանգ զգալ իր տանը և որ նրա իրավունքները պաշտպանված լինեն, միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը, որը շատ երկար է տևել և չափազանց շատ կյանքեր է խլել։ Մենք կողմերին խնդրել ենք դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել են Պետդեպից։

Միացյալ Նահանգների համար պատիվ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որոնք աշխատում են խաղաղության ուղղությամբ։

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելուն։

Պետդեպից նշում են՝ ուղիղ երկխոսությունը մնում է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ծավալն ու բնույթը երկու կողմերի դաշտում է։

«Մեր նպատակն է ապահովել հարթակ, որտեղ կարող են անցկացվել երկկողմ քննարկումներ, իսկ կողմերը կարող են միասին իրականացնել իրապես ծանր աշխատանք կայուն խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց ապահովելու համար»․- ասված է Պետդեպի պատասխանում։

Իսկ թե ինչ հարցերում կողմերի միջև համաձայնություն կլինի կամ չի լինի, Պետդեպից նշել են, որ դա հարց է, որը պետք է ուղղել երկու կողմերին։




Լրահոս