ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է երեւանաբնակ ամուսինների կողմից կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է:

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել եւ կառավարել է «Shoko.178», «Shoko 178» եւ գրեթե նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ։ Դրանց միջոցով վաճառվող թմրամիջոցների համար, որպես գումարի ստացման վճարային գործիք, նա տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն եւ 2019-2021թթ. ընթացքում նշված խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Մասնավորապես, 26-ամյա երիտասարդի կողմից կառավարվող տելեգրամյան վերոնշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու շուրջ նամակագրություններ վարած անձանց հետ համաձայնության գալուց հետո՝ երիտասարդի հաշվին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրի լուսանկարները գնորդների կողմից փոխանցելուց հետո, նրանց է ուղարկվել Երեւան քաղաքում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված, ըստ քաշերի առանձնացված եւ փաթեթավորված թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով: Նշված եղանակով երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 162 գրամ «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված ընդհանուր 53.479.443 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 26-ամյա երիտասարդը, իր 24-ամյա կնոջ օժանդակությամբ, նշված գումարները փոխանցել է տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն իր եւ կնոջ կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։ Ապա նույն եղանակով դրանք փոխանցվել են ամուսինների էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել նրանց կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի համակցությամբ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Ամուսինների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում:

ՌԴ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ:

Կողմերը երկուստեք դրսեւորել են կառուցողական մոտեցում եւ պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։

Ըստ այդմ՝ Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական եւ ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում ենք դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ եւ վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը:

Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները:

 

 

 

 

ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Պաշտպանի դիմումի հիման վրա՝ սույն թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաեւ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու եւ զինծառայողի՝ կրոնական միավորումներ ստեղծելու արգելք սահմանող դրույթները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին Պաշտպանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։ Պաշտպանը վիճարկել էր սահմանված արգելքների համապատասխանությունը կրոնի ազատության, միավորումների ազատության իրավունքներին, համաչափության եւ որոշակիության սկզբունքներին։

 

 

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Տավուշի մարզի առողջապահական հիմնարկներում բժիշկ-մասնագետների  պակաս է զգացվում։  Մարզում բժիշկներ կան, որոնք վաղուց կենսաթոշակային տարիքի են, սակայն փոխարինող բժիշկ չլինելու պատճառով  շարունակում են աշխատել։ 77 տարեկան Ժորժետա  Մաճկալյանը Բերդի տարածաշրջանի միակ ակնաբույժն է, որը սպասարկում է չափահասներին եւ  երեխաներին։ Նա 1971 թվականին է ավարտել Երեւանի պետական բժշկական ինստիտուտը՝ թերապեւտի որակավորմամբ, սակայն Բերդի տարածաշրջանում ակնաբույժ չլինելու պատճառով եւս 3 տարի մասնագիտացել է ակնաբուժության մեջ։ Ժ. Մաճկալյանի խոսքերով՝  բժշկական ինստիտուտ ավարտելուց հետո ինքը  հնարավորություն է ունեցել մնալ, աշխատել Երեւանում, սակայն ընտրել է իր հայրենի տարածաշրջանը։ Նա ասում է, որ հիմա երիտասարդ բժիշկները  չեն ցանկանում հեռավոր մարզերում աշխատել, քանի որ  այնտեղ բժշկական գործիքների պակաս կա, համապատասխան պայմաններ չկան։  Տավուշի մարզպետ Հայկ  Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե  մարզպետարանի ենթակայության տակ գործող առողջապահական հիմնարկներում քանի կենսաթոշակառու բժիշկ է աշխատում,  այդ բժշկական հիմնարկությունները ինչ կադրերի պակաս ունեն։ Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործում է 21 բժշկական հաստատություն, դրանց աշխատակիցների ընդհանուր թիվը 638 է, որից կենսաթոշակի տարիքի են 96-ը։  Մարզի բուժհաստատություններում կադրային պահանջարկն այսպիսին է՝  «Իջեւանի  ԲԿ» – մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ-1, շտապ օգնության բժիշկ-4, քիթ-կոկորդ-ականջաբան-1,  «Իջեւանի ԱԱՊԿ»-ընտանեկան բժիշկ-2,  «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ-մանկաբույժ-1,  «Մովսեսի ԱԱՊԿ»  ՊՈԱԿ–մանկաբույժ-1, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ- թերապեւտ-1, հեմոդիալիզի բժիշկ-1, նյարդաբան-1, սրտաբան-1,մանկաբույժ-1, վիրաբույժ-1, շտապ օգնության  բժիշկ-1,  «Բագրատաշենի ԳԲԱ»  ՊՈԱԿ- ընտանեկան բժիշկ-1, ինչպես նաեւ 4 ընտանեկան բժիշկ-տնօրեն՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Արծվաբերդի, Խաշթառակի, Ազատամուտի  ԱԱՊԿ-ներում։

 

 

 

 

ԻՆՉՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԿԾԱԽՍՎԻ

Տավուշի մարզպետարանի շուրջ  յոթ տասնյակ աշխատակիցներից միայն մեկը՝ Մարինե Խաչատրյանն է  մշակույթի  ոլորտում աշխատում։ Նա չունի մշակութային կրթություն, այլ բուհ է ավարտել, մշակույթի որեւէ  բնագավառում ստեղծագործող չէ։ Մարզպետարանը մշակութային միջոցառումներ կազմակերպելու առումով ակտիվ չէ։  Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեում նախատեսված 2 միլիոն 572 հազար դրամ ընդհանուր գումարով Տավուշի մարզում կիրականացվի մշակութային 4 միջոցառում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս